Ում ուզում եք՝ վերագրեք հաղթանակը՝ Հայաստանը ռազմի դաշտում ծնկի չի եկել...
Ցաքուցրիվ, անմիաբան հորջորջվող ժողովուրդը հաղթեց մի պատերազմում, որտեղ հիմնական ուժը միաբանությունն էր: 
Արդյո՞ք հայության մասին մեր բացասական գնահատականներում մենք չափազանց շռայլ չենք: Արդյո՞ք հատկանշական չէ, որ այդքան մեր կողմից քննադատվող ժողովրդի ներկայացուցիչները աննախադեպ սխրանքներ գործեցին Հայրենական մեծ պատերազմի ճակատներում՝ հասկանալով, որ մեծ երկրի պարտությունը հայրենազուրկ, իր հայրենիքի մի փոքր հատվածում ծվարած ժողովրդի համար կդառնա ֆիզիկական բնաջնջման վերջին ակորդը: Եվ արդյո՞ք ավելին չենք պահանջում մի ժողովրդի բեկորներից, որոնք, ԽՍՀՄ կազմում մի կերպ միաբանվելով և կենսական տարածք ստեղծելով, հռչակել են անկախ պետություն՝ որպես ժառանգություն ստանալով փակ սահմաններ, պարտադրված պատերազմ և տնտեսական կապերի գրեթե լիակատար խզում: Արդյո՞ք առանց էվոլյուցիոն ճանապարհի ժողովրդավարական իմիտացիայի անցած ժողովրդին իրավունք ունենք քննադատելու ժողովրդավարության զգացողության բացակայության համար...
Փառք Աստծո, Հայրենիքի և հայրենատիրության զգացողությունը մեզ երբեք չի լքում: Անգամ արտագաղթելուց հետո շարունակում ենք ապրել Հայաստանով: Մենք ցանկացած երկիր գնալիս Հայաստանը տանում ենք մեզ հետ: Դրա համար էլ Հայաստանը ամենուր է: Աշխարհի ցանկացած երկրում, ցանկացած գյուղում հայի ստեղծած փոքրիկ հյուղակը յուրօրինակ Հայաստան է: Հայաստանը մենք կրում ենք մեր մեջ, մեր գեներում...

Շնորհավոր եռատոնդ, Հայաստան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել