Yerkir.am-ը գրում է.

Երբ ներկայացվում էր մեր նոր նախարարը, ասվել է, որ կառույցը կայացած է, աշխատում է և պետք է զերծ մնա քաղաքական ազդեցություններից. խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Հարցին՝ ինչպե՞ս ԱԳՆ կմեկնաբանի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ղարաբաղի՝ որպես բանակցային կողմ լինելու մասին, և երեք նախագահների մեկնաբանությունները կապված վարչապետի ասածի վերաբերյալ, Քոչարյանը պատասխանեց. «Նախարարությունը վերադասի հայտարարությունները չի մեկնաբանում, մենք մեկնաբանում ենք այլ պետությունների ներկայացուցիչների հայտարարությունները»:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ և հայտարարել էր, թե Հայաստանը Արցախյան հիմնախնդրում հակամարտող կողմ է:

Իսկ թե ինչպե՞ս է Քոչարյանը պատկերացնում իր աշխատանքը նոր վերադասի հետ, նա նշեց, որ նախարարությունն աշխատել է մինչ այդ, աշխատել է հեղափոխության ընթացքում, աշխատում է հիմա: «ԱԳՆ-ն այն կառույցներից մեկն է, որ, անկախ իրարանցումներից, պետք է ժամացույցի պես աշխատի»,- հավելեց նա:

Անդրադառնալով նորանշանակ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին` Քոչարյանն ընդգծեց. «Պարոն Մնացականյանը կադրային պրոֆեսիոնալ դիվանագետ է՝ շատ լուրջ ճանապարհ անցած, եղել է նաև փոխնախարար, և կառույցը շատ բավարարված է այդպիսի նշանակումով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել