Երբ գերմանացի Ագնես Դոնելիոնը լույս աշխարհ բերեց իր որդուն՝ Քևինին, բժիշկները երկու օր շարունակ թույլ չտվեցին տեսնել նրան։ «Սենյակում բոլոր մայրերը պարբերաբար տեսնում էին իրենց երեխաներին, բայց ես՝ ոչ,-պատմել է Դոնելիոնը։- Քրոջս հարցնում էի՝ ինչու չեն բերում որդուս, իսկ նա պատասխանում էր, որ վաղը կբերեն, նա մի փոքր խնդիրներ ունի»:

Thalidomide Child Walking

Երբ վերջապես Ագնես Դոնելիոնը հանդիպեց իր երեխային, քույրը զգուշացրեց, որ նրա ձեռքերն ու ոտքերը մի փոքր կարճ են, սակայն մայրը սկզբից ուշադրություն անգամ չդարձրեց քրոջ ասածին։ «Երբ Քևինի վրայից վերցրի ծածկոցը, ապշեցի»։

Քևին Դոնելիոնն այն 10,000 երեխաներից մեկն է, ով թալիդոմիդ դեղամիջոցի պատճառով ֆիզիկական արատներով է ծնվել։ Ինչպես շատերը, Քևինի ձեռքերն ու ոտքերը շատ փոքր ու կարճ են, չզարգացած, իսկ երեխաների մյուս մասի մոտ էլ այլ խնդիրներ են առկա՝ կապված մարմնի տարբեր մասերի թերզարգացվածության հետ։

Հրապարակված տվյալների համաձայն՝ 1957-1962 թվականների ընթացքում 46 երկրում թալիդոմիդ դեղը վաճառվել է 65 տարբեր անուններով, որի պատճառով մոտավորապես 123,000 պտուղ լույս աշխարհ չի եկել, իսկ լույս աշխարհ եկած 10,000 երեխաներն, ինչպես արդեն նշվեց, ֆիզիկական թերություններով են եղել։

Thalidomide Babies

Թալիդոմիդը հանգստացնող դեղամիջոց էր, որը պատահմամբ հայտնաբերել է Հերման Վիրցը։ Նա ցանկանում էր ալերգիայի դեմ պայքարող դեղ ստեղծել, սակայն ստացվածը գառների վրա փորձարկելուց հետո պարզեց, որ իր հայտնաբերած դեղը հանգստացնող ազդեցություն է ունենում կենդանիների վրա։

Հենց այդ ժամանակ էլ նրա գլխում միտք ծագեց՝ այն վաճառել որպես տարածված հանգստացնող միջոցների այլընտրանք։ Ի տարբերություն մարդկանց կողմից հաճախ օգտագործվող հանգստացնողների, որոնց չարաշահումը շատ վտանգավոր էր, թալիդոմիդի չարաշահումը լուրջ վտանգների առաջ չէր կանգնեցնում։ Համենայն դեպս, այդպես էր կարծում Հերման Վիրցը գառների վրա փորձարկումներ անելուց հետո։

Thalidomide Baby Playing Blocks

Սակայն իրականում թալիդոմիդը ոչ թե ընդամենը հանգստացնող դեղ էր, այլ սարսափելի թույն, որը բացասական էր ազդում ողջ օրգանիզմի վրա։ Այն մայրերը, ովքեր հղիության ընթացքում թալիդոմիդ էին օգտագործել, լույս աշխարհ էին բերում հիվանդ և տարատեսակ արատներով երեխաների։ 

Thalidomide Children With Prosthetics

Ըստ որոշ աղբյուրների՝ թալիդոմիդն օգտագործվել է ավելի վաղ, քան Հերման Վիրցի հայտնաբերումը։ Ասում են՝ գերմանացիները համակենտրոնացման ճամբարներում ևս որոշ մարդկանց այս դեղից էին տալիս։ Իսկ այսօր որոշ երկրներում թալիդոմիդ են տալիս միայն քաղցկեղի վերջին փուլերում գտնվող հիվանդներին որպես ցավը մեղմացնող միջոց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել