Գևորգ ՊետրոսյանՄայիսի 8-ին «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հազարավոր անդամներ կսկսեն լքել Թուրքիայի տարածքը:

30-ամյա ակտիվ զինված պայքարից հետո PKK-ի` Թուրքիայի տարածքը լքելու մասին հայտնի դարձավ 2013 թվականի մարտի 22-ին, երբ Դիարբեքիրում նովրուզյան տոնակատարության ժամանակ ընթերցվեց քրդական կազմակերպության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը:

Ուղերձում նշվում էր, որ «եկել է ժամանակը, երբ պետք է լռեն զենքերը, և սկսվի քաղաքական գործընթացը»: Օջալանն ուղերձում կոչ էր անում PKK-ականներին վայր դնել զենքն ու լքել Թուրքիայի տարածքը:

Իհարկե, միայն Օջալանի ուղերձը բավական չէր հստակ ասելու, թե քրդական կազմակերպությունը կդադարեցնի երկարատև զինված պայքարն ու անմիջապես կլքի Թուրքիան: Սակայն օրեր անց քրդական կազմակերպության ղեկավարներից Մուրաթ Քարայըլանը, ով էլ ներկայում դե ֆակտո գլխավորում է PKK-ն, նշեց, որ իրենք հետևելու են թուրքական բանտում ցմահ ազատազրկում կրող իրենց առաջնորդի հրամանին և դուրս են գալու երկրից:

Իսկ արդեն ապրիլի 30-ին Քարայըլանը հյուսիսիրաքյան Քանդիլում մամուլի ասուլիս հրավիրեց, որի ժամանակ էլ պաշտոնապես հայտարարեց PKK-ի` Թուրքիայի տարածքը լքելու մասին հստակ ժամկետներն ու այլ մանրամասներ:

Ըստ Քարայըլանի` PKK-ականները կսկսեն դուրս գալ Թուրքիայի տարածքից մայիսի 8-ին: Նրանք չեն հանձնի զենքը և իրենց սպառազինությամբ կանցնեն Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության տարածք:

Թուրքական կողմն իր հերթին ապահովելու է քրդերի դուրսբերումն անվտանգ ձևով, առանց միջադեպերի, իսկ կազմակերպության անչափահաս անդամներին թույլատրելու է մնալ երկրի տարածքում և նրանց համար հատուկ «վերականգնողական» ծրագիր է մշակելու:

Իհարկե, Օջալանի ելույթն ու հատկապես դրան հետևած քայլերը պետք է համարել իրապես դարակազմիկ իրադարձություն տարածաշրջանի համար:

70-ականների կեսերին ստեղծված և 1984 թվականից ակտիվ ռազմական գործողություններ վարող PKK-ն մշտապես համարվել է Թուրքիայի գլխավոր խնդիրներից, եթե ոչ գլխավորը: Քրդական հարցն ինքնին մերօրյա Թուրքիայի թիվ մեկ խնդիրն է:

PKK-ի գործողությունները Թուրքիայի համար հսկայական կորուստներ են բերել ոչ միայն քաղաքական, ռազմական, հասարակական դաշտերում, այլ նաև տնտեսական ոլորտում: Քրդերի դեմ գործողությունների վրա (ռազմական ծախսեր, հատուկ ուժերի (քորուջուլար) պահպանում և այլն) տասնյակ, անգամ հարյուր միլիարդների հասնող դոլարներ են ծախսել:

PKK-ն մշտապես ազդեցություն է ունեցել Թուրքիայի ներքաղաքական զարգացումների և արտաքին քաղաքականության վրա:

Եվ ի վերջո, թուրքական բանակի և քրդական կազմակերպության միջև տասնամյակներ շարունակվող արյունալի բախումների հետևանքով զոհերի թիվն անցնում է 50 հազարը:

Այժմ փորձենք դիտել այս ամենն այլ տեսանկյունից:

Ո՞ւմ է ավելի ձեռնտու PKK-ի դուրսբերումը Թուրքիայից, ի՞նչ ազդեցություն կարող է այն ունենալ Հայաստանի Հանրապետության վրա:

Օջալանի ուղերձը, PKK-ի դուրսբերումը միանշանակ Թուրքիայի համար կարևորագույն ձեռքբերում է, սակայն ինչպիսի՞ն է դրա դիմաց վճարը:

Օջալանի ելույթում հստակ պահանջներ Թուրքիայից չկային, միայն ընդգծվում էր, որ պայքարը շարունակվում է քաղաքական դաշտում:

Այստեղ արժե հայացք նետել PKK-ի, ավելի ճիշտ կլինի նշել առաջնորդի` Օջալանի, պահանջների «էվոլյուցիային»: Կազմակերպության հիմնադրման շրջանում Օջալանը նախատեսում էր ստեղծել անկախ Քրդստան, ավելի ուշ Օջալանի պահանջները վերաձևակերպվեցին դաշնություն, ապա ինքնավարություն ստեղծելու, իսկ վերջին շրջանում էլ քրդերի իրավունքների ընդլայնման:

Սակայն ուղերձում ինքնավարության, դաշնության կամ այլ հստակ պահանջ/առաջարկի մասին խոսք չէր գնում: Իհարկե, մենք տեսնում ենք այսբերգի միայն վերին հատվածը, և թե ինչ բանակցություններ են ընթացել և ընթանում Անկարայի և քրդական ուժերի միջև, ցույց կտա ժամանակը:

Սակայն այն, որ Օջալանի ելույթը բավական մեղմ էր, զիջողական, Թուրքիայի շահերից բխող, ակներև է:

Այս զարգացումներից շահում են նաև այն քրդերն ու թուրքերը, որոնց զավակները, ազգականները պատերազմ են վարում, զոհվում, խեղվում, հաշմանդամ դառնում: Այս տեսանկյունից քիչ չեն նաև այն քրդերը, որոնց ուրախացնում է խաղաղության հաստատումը: Իսկ թուրքերի շրջանում այդ ամենը շատ ավելի ցանկալի է երևում:

Հետաքրքիր է նաև PKK-ականների հետագա ճակատագիրը: Ինչպես նշում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը, զինված, մարտական պատրաստություն անցած, ռազմական գործից բացի այլ բանի չտիրապետող PKK-ականների մի մասը հետագայում արդյո՞ք չիվերածվի վարձկանների: Վարձկանների, որոնք կարող են հայտնվել աշխարհի տարբեր թեժ կետերում, որտեղ նրանց կարիքը կզգացվի:

Իսկ ի՞նչ է տալիս թուրք-քրդական հաշտեցման փորձը Հայաստանին:

Ինչպես վերը նշվեց, քրդական հարցը վերջին շրջանում Թուրքիայի գլխավոր խնդիրն է, որի վրա հսկայական ռեսուրսներ են ծախսվում, որը դիտվում է Թուրքիայի տարածքային ամբողջականությանն ուղղված վտանգ:

Իսկ Թուրքիան վերջին տասնամյակներին Հայաստանի Հանրապետության դեմ վարում է թշնամական քաղաքականության, ինչի փաստացի ապացույցներն են շրջափակումը, փակ սահմանները, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը ցույց տրվող աջակցությունը, այդ երկրի պետական այրերի հայտարարություններն ու հարևան երկրի հասարակության շրջանում հայատյաց տրամադրությունների գերիշխումը:

Այս ամենը ձևակերպենք ավելի հասկանալի և կարճ տարբերակով. Թուրքիան հակառակորդ երկիր է, և հակառակորդ երկրում ցանկացած հակամարտություն ու խնդիր բխում է մեր պետության շահերից: Առավել ևս երբ խոսքը գնում է քրդական հարցի մասին: Իսկ վերջին զարգացումները խոսում են այդ խնդրի սրացումը մեղմելու, ավելի կառավարելի դարձնելու մասին, ինչը հայկական պետության համար ապագայում որոշակի հնարավոր բարդություններ կարող է ստեղծել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել