Yerkir.am-ը գրում է.

1992 թվականի մայիսի 8-9 բեկումնային օրեր դարձան Արցախյան ազատագրական պայքարում: Մայիսի 8-ին կանխորոշվեց հայոց բերդաքաղաք Շուշիի ազատագրմանն ուղղված ռազմական գործողությունների ելքը, որոնք ղեկավարում էր Ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Կոմանդոսը` Արկադի Տեր-Թադևոսյանը:

Շուշիի ազատագրման գործողությանն իր օրհնությունն է տալիս և մասնակից անդամներին իր հաղջողությունը մաղթում Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը:

Չնայած հակառակորդի գերակշռող ուժին` հայ հերոսների արիության և փայլուն մարտունակության շնորհիվ, մայիսի 8-ի գիշերը` 9-ին լույս առավոտյան Շուշին վերջնականապես ազատագրվում է:

Նշենք, որ Շուշի անվանումն առաջացել է «շոշ» բառից, որն Արցախի բարբառում նշանակում է ծառի այն նորաբույս ճյուղը, որն ամենաբարձրն է բոլոր մնացածներից: Այս անվանումը Շուշին ստացել է աշխարհագրական իր բարձրադիր դիրքի պատճառով:

Ստորև ներկայացնում ենք Շուշիի ազատագրման ուղղությամբ ռազմական գործողությունը, որոնք զարգացել են նշված 4 ուղղություններով.

«26»- ի (հյուսիսային) ուղղություն: Ստեփանակերտ-Շուշի մայրուղով, նրա աջ ու ձախ եզրերով գրոհել են 4-րդ վաշտի (հրամանատար՝ Յու. Պողոսյան) 4 դասակները՝ Գ. Սարգսյանի, Ս. Կարապետյանի, Կ. Մարտիրոսյանի և Վ. Ղարիբյանի հրամանատարությամբ: «Երեք աշտարակների» բլրի գրոհը 20 րոպե անց պսակվել է հաջողությամբ: Սակայն, ավելի ուշ ԻՊՈՒ-ի զրահատեխնիկան խփվել կամ տեխնիկական պատճառներով շարքից դուրս է եկել: Առավոտյան ժամը 10-ին մոտ անակնկալ խփվել է տանկերից մեկը, որոշ ժամանակ ընդհատվել են ռազմական գործողությունները, ԻՊՈՒ ստորաբաժանումները նահանջել են դեպի հարմարավետ դիրքեր: Մարտերը վերսկսվել են մայիսի 8-ի ամբողջ ցերեկը և գիշերը` մինչև ադրբեջանցի զինյալները հարկադրված լքել են դիրքերը: Ս. Թովմասյանի գլխավորությամբ` Շուշիի շրջարդմիավորման պահեստների վրա շարժվել են 6-րդ վաշտի (հրամանատար՝ Կ. Ներսիսյան), իսկ աջ թևով՝ հետախուզական վաշտի (հրամանատար՝ Ս. Աբրահամյան) զինվորները: Համատեղ ուժերով հաջողվել է տիրել նպաստավոր դիրքերի, ճանապարհի վրա իշխող բլուրներին, ինչի շնորհիվ հետ են մղվել պարբերաբար օգնության շտապող հակառակորդի ուժերը, շարքից հանվել է հակառակորդի մի քանի փոխադրամիջոց, փախուստի մատնվել մայրուղու վրա մանևրող 2 տանկ: Այնուհետև հայ ազատամարտիկներն առաջացել են քաղաքի մատույցներում գտնվող բենզալցակայանի ուղղությամբ: Երաժշտական գործիքների գործարանի մոտ առգրավվել է 2 հակատանկային թնդանոթ: Ռազմավարական բարձունքներին տիրելով՝ 6-րդ և հետախուզական վաշտերը նպաստել են ընդհանուր հաղթանակին:

Շուշի (արեւելյան) ուղղություն: Բերդաքաղաքի արևելյան կողմից հակառակորդի դիմադրությունը հաղթահարելու և անառիկ բնագծերում նրա պաշտպանությունը ճեղքելու խնդիրը համեմատաբար դժվար լուծելի էր, պահանջում էր ուժերի գերագույն լարում: Հակառակորդն այս ճակատից սպասելով հարձակման՝ նախօրոք մեծ քանակությամբ կենդանի ուժ և սպառազինություն էր կենտրոնացրել այնտեղ: Մայիսի լույս 8-ի գիշերը 3 ուղղություններով սկսվել է հարվածային ուժերի առաջխաղացումը: Ձախում Շոշ գյուղի ինքնապաշտպանական ջոկատն էր՝ Ա. Հարությունյանի հրամանատարությամբ, կենտրոնում՝ 1-ին վաշտը՝ Ա. Ղուլյանի հրամանատարությամբ, որը շարժվում էր ուղիղ բանտի վրա, իսկ աջ թևում Ռ. Իսրայելյանի ընդհանուր հրամանատարությամբ գործել են հատուկ հետախուզական խումբը (հրամանատարի պաշտոնակատար՝ Գ. Օսիպով), Քռասնիի (հրամանատար՝ Վ. Բաղրյան), Քարաշենի (հրամանատար՝ Վ. Սաֆարյան) և կամավորական այլ ջոկատներ: Կատաղի մարտեր են ծավալվել ձախ թևում, որտեղ հայ մարտիկներին հաջողվել է վերահսկել իրադրությունը: Այստեղ աչքի է ընկել հատկապես Ա. Ղուլյանը, որն անձնական օրինակով քաջալերել է իր զինակիցներին: Ուժերը վերախմբավորելուց և համալրելուց հետո` մայիսի 9-ինէ ժամը 13:00-ին, հայ մարտիկները վերսկսել են գրոհը, որն ավարտվել է հաջողությամբ՝ բանտի տարածքի ազատագրումով: Շոշ գյուղից մեծ թվով բնակիչներ նույնպես մասնակցել են գրոհին՝ պատրաստ անմիջապես փոխարինելու զոհված կամ վիրավորված մարտիկներին: Նրանք օգնել են վիրավորներին, փամփուշտներ հասցրել կռվողներին: 

Աջ թևի ստորաբաժանումները, հաղթահարելով հակառակորդի դիմադրությունը ֆիննական տնակների շրջանում, գրավել են անասնապահական ֆերմաների առաջին շենքը, սակայն երկրորդում, որտեղ հավաքվել էին «Երեք աշտարակների» բարձունքից փախած ադրբեջանցիներ, կատաղի դիմադրության են հանդիպել: Հայ մարտիկներից եղել են զոհեր ու վիրավորներ: Բայց, ի վերջո, հաջողվել է ոչնչացնել հակառակորդի ուժերը: Այնուհետև, ավտոբազայից անցնելով, այդ ջոկատները հարձակումը շարունակել են 4-րդ վաշտի ստորաբաժանումների հետ համատեղ: 

Լաչինի (հարավային) ուղղություն: 2-րդ և 3-րդ վաշտերի (հրամանատարներ՝ Հ. Ծատրյան, Ա. Խաչատրյան), Ավետարանոց գյուղի ինքնապաշտպանական ջոկատի (հրամանատար՝ Հ. Ստեփանյան) մարտիկները, դաշնակցականների էջմիածնի դասակի (հրամանատար՝ Հ. Աբրահամյան) աջակցությամբ, հանկարծակի գրոհով տիրել են Քիրս լեռան ստորոտում գտնվող հակառակորդի ռազմակայանին՝ առգրավելով 1 ՄՄ-21 կայանք, 1 տանկ, 1 զրահամեքենա, զենք ու զինամթերք: Սզնեքի, «Քիրսի», Քարինտակի և Արտաշատի այլ կամավորական ջոկատներ, հարձակման անցնելով Նաբիլարի, Կարմիր-քարի և Տիսկած-քերծի դիրքերի ուղղությամբ, դուրս են եկել Շուշի-Լաչին մայրուղի: Այդ ճեղքումը հնարավոր է եղել 2-րդ վաշտի զրահատեխնիկայի հարվածային խմբի օգնությամբ: Ակնաղբյուրի ու Սարուշենի միացյալ (հրամանատար՝ Ա. Ղարամյան), աֆղանցիների (հրամանատար՝ Ն. Չախոյան), «Մերգելյան» (հրամանատար՝ Ա. Հարությունյան) և Բյուրեղավանի (հրամանատար՝ Վ. Ղարսոյան) ջոկատները, լայն շրջանցումով, Զառսլու գյուղի ուղղությամբ դուրս են եկել Շուշի-Լաչին ճանապարհի մատույցները: 

Դաշնակցականների ջոկատները՝ Ժ. Սեֆիլյանի և Վ. Բալայանի հրամանատարությամբ, խնդիր ունեին բերդաձորցի մարտիկների ուղեկցությամբ շրջանցել Շուշին ու Զառսլուն և հասնել Լիսագորի ռազմավարական բարձունքին: Մարտերն արդեն ընթանում էին Շուշիի մատույցներում, սակայն շրջանցող այդ խմբերին հաջողվել է հասնել ընդամենը Զառսլուի բարձունքներին: Թեև նրանց չի հաջողվել իրագործել առաջադրված խնդիրը, սակայն Լաչին-Շուշի ճանապարհի մերձակա բարձունքներին նրանց հայտնվելը կատարյալ է դարձրել փախչող հակառակորդի խուճապը: Այղպիսով` հարավային (Լաչինի) ուղղությամբ ծավալված մարտերի արդյունքում հաջողվել է շեղել հակառակորդի ուշադրությունը գլխավոր՝ Շուշիի ճակատից, հակառակորդի նահանջի ճանապարհը փակելու սպառնալիքով բազմապատկել նրա խուճապը, զրկել ադրբեջանական հրամանատարությանը Զառսլուում ուժերի վերախմբավորում կատարելու և հակահարձակման անցնելու հնարավորությունից: 

Ջանհասան-Քյոսալարի (հյուսիսարևմտյան) ուղղություն: Այս ուղղությամբ հայկական ուժերը հետապնդել են 2 նպատակ՝ կանխել և ստեղծել խուճապային դրություն, շեղել հակառակորդի ուշադրությունը, ապահովել Շուշիի վրա հյուսիսից հարձակվող ուժերի թիկունքը: Եվ քանի որ այդ ուղղությամբ կենտրոնացված էին հակառակորդի մեծաքանակ կենդանի ուժ ու սպառազինություն, իսկ տեղանքը բավական բարդ էր, ուստի հարկ է եղել այնտեղ տեղաբաշխել մարտունակ ու շարժուն ստորաբաժանումներ: Նրանք նախատեսված էին նաև, հարկ եղած դեպքում, արագ հետ քաշվելու և Շուշիի ուղղությամբ օգնության հասնելու համար: Այգեստանի վաշտի 3 դասակներին, «Կումայրի» և «Արամո» ջոկատներին, շտաբի դիվերսիոն-հետախուզական խմբին, Մեհտիշենի ջոկատին (հրամանատար՝ Ս. Հակոբյան)՝ Ս. Օհանյանի ընդհանուր հրամանատարությամբ, հաջողվել է մտնել թշնամու դասավորության խորքերը, գրավել 1 ականանետային, 1 ՀՄՄ-21 և 3 հրանոթային կրակադիրքեր, վերահսկողության տակ առնել Ջանհասան գյուղը, դեպի Քյոսալար ու Կարագյավ տանող ճանապարհները: Հակառակորդը կանխազգալով պարտության վտանգը՝ Շուշիից զգալի քանակությամբ ուժեր է հանել ու նետել Ջանհասանի ճակատ՝ թուլացնելով Շուշիի պաշտպանությունը: Միաժամանակ համալրելով ու վերախմբավորելով ուժերը՝ զրահատեխնիկայի աջակցությամբ անցել է հակահարձակման. զոհեր են եղել «Կումայրի» ջոկատից: «26-ի դիրքերում» և շրջակայքում տեղակայված 7-րդ, 8-րդ, 9-րդ վաշտերը և այլ ստորաբաժանումներ (Յու. Հովհաննիսյանի ընդհանուր հրամանատարությամբ) այդ ընթացքում հուսալիորեն փակել են ճանապարհը, որ Ջանհասանից Շուշի օգնական ուժեր չուղարկվեն: Երբ ԻՊՈՒ ստորաբաժանումները հասել են Շուշիի մատույցներին, ստացվել է նահանջի հրաման: Կազմակերպված նահանջի ու համառ դիմադրության շնորհիվ հակառակորդի մեծաթիվ ուժերը գամված են մնացել հյուսիսարևմտյան ճակատում, ինչը վճռորոշ նշանակություն է ունեցել Շուշիի ազատագրման համար: ԻՊՈՒ հրամանատարությանն այդպիսով հաջողվել է մոլորեցնել ադրբեջանցիներին՝ ստիպելով գլխավոր հարվածի ուղղությունից դուրս բերել զգալի թվով ուժեր ու միջոցներ: Ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ Լաչինի և մյուս ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում: Երեկոյան կողմ տրված դադարը հակառակորդին հնարավորություն է ընձեռել հատկացված միջանցքով հեռանալ բերդաքաղաքից:

Ինքնապաշտպանական ուժերի հրամանատարական գլխավոր կետը Շոշ գյուղից հյուսիս էր` 1207 մետր բարձունքի վրա:

Շուշիի ազատագրումը դարձավ մեր հերոսական ազատամարտի հաղթական ավարտի հաղթական մեկնարկը: Լինելով ազատագրական պայքարի առաջին ծաղիկը` այն դարձավ նաև հետագա հաղթանակների բանալին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել