Այսօր՝ մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում կքննարկվի Հայաստանի վարչապետի ընտրության հարցը։ 

Խորհրդարանի 1/3-ի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում առաջադրվել է Նիկոլ Վովայի Փաշինյանը: 

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ում մեծամասնություն կազմող՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ ՀՀԿ-ն կօժանդակի բավարար ձայների քանակով, որ ամսի 8-ին Հայաստանն ունենա վարչապետ:

Իսկ մինչ այդ ՀՀԿ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունը մայիսի 8-ին ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ:

Ըստ ՀՀ Սահմանադրության՝ վարչապետն ընտրվում է ձայների մեծամասնությամբ: 105 պատգամավոր ունեցող խորհրդարանի պարագայում վարչապետ ընտրվելու համար բավարար է 53 ձայնը:

Հիշեցնենք, վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, մայիսի 1-ին Ազգային ժողովում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

Հիշեցնենք, որ Երևանում և մարզերում բողոքի ցույցեր էին ընթանում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, ով ԱԺ նիստում ընտրվեց ՀՀ վարչապետ, իսկ ապրիլի 23-ին հրաժարական ներկայացրեց։ Համաժողովրդական այդ շարժումը գլխավորում էր ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով իրեն հայտարարեց ժողովրդի թեկնածու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել