10 տարի առաջ այս օրը Արցախում էինք: Գնացել էինք ՀՊՃՀ-ի ուսանողներով, անցնելու նույն ուղին, ինչ որ անցել էին մեր հերոսները Շուշին ազատագրելիս:

Առավոտյան պետք է ճամփա ընկնեինք, ոտքով անցնելու մոտ 10 կմ ճանապարհ Ստեփանակերտից Շուշի: Ամբողջ գիշեր չքնեցինք, նստած էինք խարույկի մոտ, երգում էինք Հախվերդյանի, Մեսչյանի երգերից:

Մեր արցախցի ընկերներից մեկը պատմեց Շուշիի ազատագրման մասին ու Դուշման Վարդանի պատմությունը:

Երբ Շուշին ազատագրում են, սկսում են տոնել: Նկատում են, որ Դուշման Վարդանը բացել է շամպայնի շիշը, լցնում է գետնին և խոսում ինքն իր հետ:

Մոտենում են ու լսում նրա խոսքերը, «Իմ պապեր, հանգստացե՛ք, Շուշին ազատագրված է»:
Վարդանը բացատրում է, որ իր պապերը միշտ երազել են Շուշին ազատագրված տեսնել, սակայն դա նրանց չի հաջողվել, և նրանք անհանգիստ էին իրենց շիրիմներում, իսկ հիմա վերջապես կարող են հանգստանալ, և շարունակում է շամպայն շաղ տալ՝ ասելով. «Իմ պապեր, հանգստացե՛ք, Շուշին ազատագրված է»:

Հ.Գ. Մի օր ես, գուցե իմ որդիները կամ իմ թոռները, բայց թոռները ու ոչ ծոռները, կգանք ու շամպայն շաղ կտանք Քո շիրիմին Վարդան ու կասենք Քեզ.
«Հերոս, հանգստացի՛ր, Շահումյանն ազատագրված է, Նախիջևանն ազատագրված է, Մուշն ազատագրված է, Վանն ազատագրված է, ազատագրված են մեր բոլոր հողերը, հանգստացի՛ր, մեր անմահ հերոս»...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել