Yerkir.am-ը գրում է.

ՀՀ արտակարգ իրավիճակների, պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ փորձարկվեց Արտաշավան համայնքում տեղակայված ՀՀ կառավարության կողմից իրականացվող պիլոտային ծրագրով ձեռքբերված հրթիռները և «Элия 3» հրթիռային կայանը, որը հակակարկտային կրակոցներն իրականացնում է ռադիոլոկացիոն կայանի տրամադրած տվյալների հիման վրա՝ ապահովելով թիրախավորման մեծ ճշգրտություն:

Նոր հրթիռային կայանի և հրթիռների առաջին փորձարկումը հաջող էր, սակայն երկրորդի ժամանակ արձանագրվեցին որոշ թերություններ: ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի կողմից որոշում կայացվեց հետագա փորձարկումները դադարեցնել մինչ մայիսի վերջ՝ մինչև Ռուսաստանից Հայաստան կժամանեն արտադրող «ԱՆՏԻԳՐԱԴ» ընկերության, Պոլիմերային նյութերի գիտահետազոտական ինստիտուտի և «Իրվիս» ընկերության ներկայաուցիչները: Ռուս փորձագետները տեղում կուսումնասիրեն ու կշտկեն փորձարկման ընթացքում արձանագրված տեխնիկական խնդիրները, որից հետո կայանի փորձարկումները կվերսկսվեն: 

Նշենք, որ Հայաստանում հակակարկտային պաշտպանության առավել արդյունավետ մեթոդների ներդրման նպատակով 2017թ. ՀՀ ԱԻ նախարարության պատվերով ՌԴ «ԱՆՏԻԳՐԱԴ» գիտաարտադրական ընկերությունը ուսումնասիրություն էր կատարել Հայաստանի տարածքում, նախանշել կարկտաբեր առավել վտանգավոր տարածքները և կազմել հրթիռային կայանների տեղադրման քարտեզը: ՀՀ կառավարության որոշմամբ իրականացվում է հակակարկտային հրթիռային պաշտպանության պիլոտային ծրագիր, որի շրջանակներում արդիականացվել է Արագածոտնի ռադիոլոկացիոն կայանը, իրականացվել է անձնակազմի ուսուցում, ձեռք է բերվել հրթիռային 3 կայան և 120 հրթիռ:

Պիլոտային ծրագրի ավարտից հետո կիրականացվի արդյունքների գնահատում, որի հիման վրա որոշում կկայացվի ծրագրի ընդլայնման վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել