Վիկտոր Սողոմոնյանի գաղափարի շնորհիվ մի քանի տարի առաջ НТВ հեռուստաալիքով սկսեց ցուցադրվել «Տեսնում եմ, գիտեմ» դետեկտիվ սերիալը, որում գլխավոր հերոսուհին, ում մարմնավորում էր Աննա Սլյուն, գերբնական կարողություններ էր ձեռք բերել: Սարերի ետևում չէ պրոդյուսերի նոր աշխատանքի՝ «Դեսպանատուն» քաղաքական դրամայի պրեմիերան: Հորինված երկիր Կալեդոնիայի մտահղացման, դերասանական կազմի, սյուժեն կնոջ հետ քննարկելու և պրոյեկտի հետ կապված աշխատանքային այլ առանձնահատկությունների մասին Վիկտորը պատմել է Teleprogramma.pro-ին:

- Վիկտոր, վերջին ժամանակներս տարածված են պատմական սերիալները: Չկա՞ր ցանկություն այդ ազդեցությանը տրվելու:

- Կար ոչ միայն պարզապես ցանկություն, այլ մեծ գայթակղություն: Ես պատմական ֆիլմերի և մասնավորապես սերիալների մեծ երկրպագու եմ: Պատկերացրեք՝ անգամ մեծ հաճույքով եմ դիտում որոշակի պատմական ժամանակահատվածին կամ այս կամ այն երկրի պատմական որևէ իրադարձությանը նվիրված դոկումենտալ սերիալները: Օրինակ՝ շատ եմ հավանում «Միապետություն» բրիտանական դոկումենտալ սերիալը Դեյվիդ Ստարկիի դերակատարությամբ: Իսկ սիրածս ֆիլմերի թոփում արդեն 23 տարի է՝ առկա է Մել Գիբսոնի դերակատարությամբ «Քաջ սիրտը» ֆիլմը: Սակայն պատմական ֆիլմերի հասարակ դիտորդ մնալու ցանկությունը՝ առանց դրանց ստեղծման տեխնոլոգիաների մեջ խորանալու, ստիպեց ինձ չտրվել ազդեցությանը և ներքին գայթակղությանը, ինչպես մանկությանս տարիներին մի օր հասկացա, որ տիկնիկային թատրոնում տիկնիկներին կառավարում են մարդիկ, սակայն վարագույրից այն կողմ, միևնույն է, չանցա, չնայած որ շատ էի ցանկանում իմանալ, թե ինչ է այնտեղ կատարվում:

- Ինչու՞ որոշեցիք պատմել հենց դետեկտիվ պատմություն:

- Այդ ժանրն ինձ միշտ է հետաքրքրել, «Տեսնում եմ, գիտեմ»-ի հաջողությունը ցույց տվեց, որ ինձ արգելված չէ այդ ժանրում աշխատել (ծիծաղում է): Պատմական ֆիլմ դիտելիս մարդը մտորում է այն բանի շուրջ, որ «մարդիկ մնացել են նույնը, նրանց պարզապես փչացրել է բնակարանային հարցը»: Դետեկտիվների պարագայում հեռուստադիտողի մոտ  արթնանում է անթրոպոլոգիական հիմնական գործառույթներից մեկը՝ լուծման որոնումը և ինչ-որ գաղտնիքի իմաստի բացահայտումը: Եթե վերաձևակերպեմ Հայզինգայի ասածը, ապա դետեկտիվը և այն դիտողը մի ամբողջություն են․ դա փնտրող մարդն է: Ըստ իս՝ այդ նախատիպը միշտ էլ սիրված և հետաքրքիր կլինի, ինչը կարևոր է նաև կոմերցիոն տեսանկյունից: Ամեն դեպքում եկեք չմոռանանք, որ սերիալը նաև բիզնես է:

- Որտե՞ղ և ինչպե՞ս են ձեզ այցելում գաղափարները՝ «Տեսնում եմ, գիտեմ»-ի Ժաննայի պատմությունը, ով «կարդում է» դեմքերը, «Դեսպանատուն» սերիալի գլխավոր հերոսի՝ դիվանագետ Գենադի Վեդենեևի անվան շուրջ առաջացած սկանդալը: Դուք ստեղծագործելու համար ինչ-որ հատուկ տեղ ունե՞ք:

- Ինձ մոտ (ենթադրում եմ, ինչպես և շատ ու շատ ստեղծագործ մարդկանց մոտ) գաղափարի գեներացումը միօրինակ գործընթաց չէ: Այն կարող է առաջանալ ինչ-որ աննշան մանրուքից, մեկ դետալից կամ գիտակցությունում հանկարծակի ծագած ինչ-որ կադրից, որը դառնում է ապագա ստեղծագործության կմախքը, ինչպես եղել է Դանելիայի և Շպալիկովի կուլտային ֆիլմում հեծանիվին նստած աղջկա հետ, որն իմ ամենասիրած կինոպատմություններից է: Դա կարող է լինել մտքի փայլատակում, երբ հանկարծակի ինչ-որ տեղից գալիս է պատրաստի գաղափարը, այնքան պատրաստի և այնքան ամբողջական, որ առաջին պահին լինում է դեժավյուի զգացում. այդպես ինձ մոտ եղել է Ժաննայի հարցում:

Հետևելով՝ ինչպես է այս կամ այն իրավիճակում իրեն պահում և իրեն զգում մարդը, հասկանում ես, որ նրա պահվածքը բոլոր պատճառահետևանքային կապակցություններով կազմում է որոշակի սյուժետային սխեմա, որը կարելի է հեշտությամբ ավարտին հասցնել և վերաֆորմատավորել սցենարի: Ի դեպ՝ մի գաղտնիք բացեմ․ հենց այսպես է ծագել Վեդենեևի պատմությունը: Նրա հիմքում մարդկային բնույթի շատ կոնկրետ առանձնահատկությունն է: Ինչպես հայտնի է, երազները ենթագիտակցությունից հաճախ վեր են հանում մեր գաղտնի, երբեմն անիրական վախերը:

Հարցրեք ցանկացած դիվանագետի՝ ո՞րն է պրոֆեսիոնալ հարթության հետ կապված ամենաահավոր մղձավանջը: Չեմ կասկածում, որ պատասխաններից մեկը կլինի հետևյալը՝ «Հայտնվել դիվանագիտական սկանդալում և խայտառակել սեփական երկիրը»: Այնպես որ, զուտ սցենարային մտքի տեսանկյունից «Դեսպանատուն» սերիալը պատմություն է դիվանագիտական սարսափելի մղձավանջի մասին:

- Իրադարձությունները տեղի են ունենում գոյություն չունեցող երկիր Կալեդոնիայում: Ի՞նչ է նշանակում այդ բառը:

- Կալեդոնիան Անգլիայի հյուսիսային հատվածի վաղեմի անվանումն է: Հիմնականում վերագրվում է Շոտլանդիային՝ որպես դրա վաղեմի անվանում: Կա նաև կղզի՝ Նոր Կալեդոնիա, որը Խաղաղ օվկիանոսում գտնվող ֆրանսիական տարածք է, այսինքն՝ այդ անվանման տակ կան իրականում գոյություն ունեցող աշխարհագրական և տարածքային սուբյեկտներ, որոնք, սակայն, չեն հանդիսանում ակտուալ և սուվերեն պետական գոյացություններ: Այս պահն ինձ համար կարևոր էր, որպեսզի ընդգծվի իրադարձությունների հորինվածությունը՝ առանց ինչ-որ կոնկրետ երկրի և Ռուսաստանի փոխհարաբերությունների կոնկրետ մանրամասների մեջ խորանալու, այլ ներկայացվի սյուժեն ինչ-որ ընդհանրացված արտաքին քաղաքական կենտեքստի մեջ:

Միևնույն ժամանակ «Կալեդոնիա» անվանումը, համաձայնեք, շատ է համապատասխանում գոյություն ունեցող ինչ-որ ռեալ երկրի: Դեռևս НТВ-ի գլխավոր պրոդյուսեր Տիմուր Վայնշտեյնի հետ քննարկումների սկզբնական շրջանում մոսկովյան սրճարաններից մեկում անցկացրինք մի էքսպերիմենտ․ սկսեցինք մատուցողներին և այցելուներին հարցնել, թե որտեղ է գտնվում Կալեդոնիան: Պատկերացրեք, ամենատարածված պատասխանը հետևյալն էր՝ «երևի Մակեդոնիայի մոտակայքում ինչ-որ տեղ»: Եվ մենք միանգամից հասկացանք, որ հորինված երկրի համար անվանումը շատ հաջող էր ընտրված:

- Դուք ընդգծում եք, որ սերիալի սյուժեն լիովին հորինված պատմություն է, բայց ինչ-որ բան, այնուամենայնիվ, Ձեզ մղել է ստեղծելու մի պրոյեկտ թմրանյութերի, դիվանագետների և հատուկ ծառայությունների մասին:

- Նախևառաջ, «Դեսպանատուն»-ը քաղաքական սերիալ է, քաղաքական դրամա: Գաղտնիք չէ, որ քաղաքական նորությունները վերջին տարիներին առօրյա շրջանառվող նորությունների մեջ դարձել են դոմինանտ, ընդ որում՝ հետաքրքիր է, որ սպառողի կողմից նման ինֆորմացիայի հանդեպ  ոչ միայն հակակրանք չի նկատվում, այլև առկա են հետքրքրության մեծացման ցուցանիշներ համաշխարհային քաղաքականության, այսպես ասած՝ գործող անձանց և առկա բաղադրիչների հանդեպ: Վստահ եմ, որ վերջին 5-6 տարվա ընթացքում նկարահանված քաղաքական մի շարք սերիալների  (օրինակ՝ «Խաղաքարտերի տունը»՝ Քևին Սփեյսիի դերակատարմամբ) շլացուցիչ հաջողությունը պայմանավորված է նաև այդ գործոնով: Այնպես որ, նախ ՝կար ցանկություն ներգրավվելու այդ շատ տարածված թրենդի մեջ, երկրորդ հերթին՝ կար անկեղծ ցանկություն՝ ներկայացնելու դիվանագետների աշխատանքի կարևորությունը, որն անտեսանելի է հասարակությանը: Եվ վերջապես, անձնական տեսանկյունից այս սերիալը հիանալի հնարավորություն էր, այսպես ասած, էկրանավորելու սեփական գիտելիքները քաղաքականության և արտաքին քաղաքականության գործընթացների վերաբերյալ: Մեծ հույս ունեմ, որ արդյունքում ստացվել է հետաքրքիր ֆիլմ, որը դուր կգա հեռուստադիտողներին:

- Պրոյեկտին մասնակցում էին խորհրդատուներ՝ պետական կառավարության ներկայացուցիչներ: Սա նշանակու՞մ է, որ դիվանագետների կյանքն ու աշխատանքը մաքսիմալ իրականին մոտ է ցուցադրվելու:

- Այն սկզբունքը, որով ֆիլմում ներկայացվում է դիվանագետների աշխատանքը և մասնակցությունը քաղաքական իրադարձություններին, համապատասխանում է «Հարյուրը մեկին» հայտնի խաղի սկզբունքին: Այսինքն՝ որպես դիվանագետների և, առհասարակ, դեսպանատան աշխատանքի «ճիշտ» առանձնահատկություններ են ներկայացվում այնպիսիները, որոնք համապատասխանում են հարցվածների, այս պարագայում՝ հեռուստադիտողների մեծամասնության պատկերացումներին:

Ցանկանում եմ ընդգծել, որ «Դեսպանատուն» սերիալը մի ֆիլմ չէ, որում ամեն բան ներկայացված է այնպես, ինչպես տեղի է ունենում իրականում: Եվ ես ներողություն եմ խնդրում բոլոր պրոֆեսիոնալներից, ովքեր տարբերություններ կգտնեն իրականության և էկրանին ցուցադրվածի միջև: Սակայն սա կինո է, և մենք պետք է այն հետաքրքիր և տպավորիչ դարձնեինք:

Ի դեպ՝ մեր խորհրդատուները՝ դիվանագետները, քաղաքագետներն ու քաղաքական գործիչները, ըմբռնումով մոտեցան այդ սկզբունքին, և մենք արագ գտանք փոխզիջումներ․ այն ամենն, ինչ կտեսնեք էկրաններին, կարող է տեղի ունենալ իրական կյանքում, սակայն հազվադեպ է պատահում (ծիծաղում է):

- Ձեր նախորդ պրոյեկտի՝ «Տեսնում եմ, գիտեմ»-ի վրա դուք աշխատում էիք հեռակա կարգով: Ինչպե՞ս է տեղի ունեցել «Դեսպանատան» ստեղծումը:

- Ես շարունակում եմ ապրել Երևանում և չեմ պատրաստվում լքել իմ հարազատ քաղաքը, չնայած շատ հաճախ եմ լինում Մոսկվայում: Այնպես որ, այս պրոյեկտի վրա ես մեծ մասամբ աշխատում էի հեռակա կարգով․ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս գրեթե լիովին անտեսել հեռավորությունը:

- Այժմ դուք փորձառու պրոդյուսեր եք, դարձե՞լ եք ավելի խիստ և պահանջկոտ:

- Այո՛, դարձել եմ ավելի խիստ և պահանջկոտ, բայց առաջին հերթին՝ ինքս իմ հանդեպ:

- Ու՞մ կարծիքը կարող է ձեզ ստիպել փոխել սյուժեն, գաղափարը կոլեգաների՞, ընկերների՞, թե՞ կնոջ կարծիքը:

- Ես միշտ բաց եմ պրոֆեսիոնալների հետ քննարկումների համար՝ լինեն նրանք իմ ընկերները, թե կոլեգաները, և պատրաստ եմ աշխատել պրոդուկտի վրա ու կատարելագործել այն գրեթե անսահմանության աստիճանի: Ինչ վերաբերում է կնոջս, ապա նա երբեք չի խառնվում իմ գործերին՝ ներառյալ և ստեղծագործական աշխատանքներիս: Գումարած դրան՝ նա չափազանց սուբյեկտիվ է․ կնոջս անվերապահորեն դուր են գալիս իմ բոլոր գաղափարներն ու ստեղծագործությունները հենց առաջին հայացքից (ծիծաղում է):

- Ձեր նոր պրոյեկտում նկարահանվում են Գելա Մեսխին, Վիկտորյա Տոլստոգանովան, Իգոր Լիվանովը: Դուք մասնակցե՞լ եք գլխավոր հերոսների ընտրությանը: Ու՞մ հետ հնարավորություն ունեցաք անձամբ շփվելու:

- Գլխավոր հերոսների ընտրությանը ես իհարկե մասնակցում էի իմ համապրոդյուսեր և ընկեր Միխայիլ Վոլոբուևի հետ: Դերասանական անսամբլի կազմման հարցում, որն, ըստ իս, փայլուն է ստացվել, շատ օգնեց НТВ-ի ղեկավարությունը՝ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Զեմսկիի գլխավորությամբ, ինչի համար ես շատ շնորհակալ եմ: Իսկ այ շփվել բոլոր դերասանների հետ, ցավոք, չստացվեց: Հուսով եմ լրացնել ինձ համար այս շատ ցավալի բացը մոտ ապագայում: Իսկ այժմ, օգտվելով հնարավորությունից, ցանկանում եմ արտահայտել իմ անկեղծ հիացմունքը նրանց վարպետությամբ, ինչպես նաև ռեժիսոր Արտյոմ Ակսիյենկոյի, օպերատոր Վասիլիյ Գրոզնիի և ամբողջ ստեղծագործական և  պրոդյուսերական խմբի աշխատանքով:

- Որպեսզի սերիալը հիշվի, այն պետք է ինչ-որ յուրահատկություն ունենա: Ո՞րն է «Դեսպանատան» գլխավոր յուրահատկությունը:

- Ես չէի ցանականա հիմա պրեմիերայից առաջ խոսել առանձնահատկությունների և յուրահատկությունների մասին։ Մեծ հույս ունեմ, որ դրանք կնկատի և կգնահատի մեր հեռուստադիտողը, իսկ գուցե նաև պատմի դրանց մասին ֆիլմի մեկնաբանություններում։ Փառք Աստծո, հիմա առկա են բազմաթիվ հարթակներ, որտեղ հեռուստադիտողներն իրենք են հանդես գալիս կինոքննադատների դերում: Բայց, այնուամենայնիվ, կընդգծեմ մի բան․ սա քաղաքական դետեկտիվ է՝ հիմնված ակտուալ, այլ ոչ պատմական թեմաների վրա,  որոնցում ներգրավված են քաղաքական բարձր մակարդակի գործող անձինք, կերպարներ: Եվ այս առումով «Դեսպանատուն»-ն առաջինն է իր տեսակի մեջ Իգոր Գոտևի «Загон»-ից հետո:

-Ձեր ուսերի ետևում է КВН-ը, քաղաքական ժուրնալիստիկան, պետական ծառայությունը, իսկ հիմա սերիալների պրոդյուսերությունը: Ի՞նչ կարելի է սպասել Ձեզնից մոտ ապագայում: Գուցե՞ գիրք կամ մուլտֆիլմ երեխաների համար: Թե՞ ֆիլմ Ձեր մասնակցությամբ:

-Ֆիլմում նկարահանվել հաստատ չեմ պատրաստվում: Ժամանակին հենց այդ պատճառով սրտի կսկիծով դուրս եկա КВН-ից, ինձնից լավ դերասան չի ստացվի: Մանկական ժանրում և անիմացիոն ֆիլմերում ո՛չ սցենարիստի, ո՛չ պրոդյուսերի դերում ինձ երբևէ չեմ փորձել, չգիտեմ: Եթե լավ պրոեկտ կամ առաջարկություն պատահի, ինչու՞ ոչ: Արդեն հիմա աշխատում եմ 2-3 նոր սցենարների վրա: Եվ, բացելով փակագծերը, դրանցից մեկի աշխատանքային անվանումը «Դեսպանատուն 2-ՌաշնԳեյթ» է, որը կրկին քաղաքական դետեկտիվ է:

Շարունակում եմ գլխավորել Հայաստանի նախկին նախագահի գրասենյակը և ակտիվ զբաղվել գիատական գործունությամբ: Մոտ օրերիս «Նորավանք»հայաստանյան գիատական ֆոնդի հրատարակչությունում լույս կտեսնի իմ նոր «Քաղաքական դիսկուրսը ժամանակակից հասարակությունում» մենագրությունը ռուսերենով: Ինչ վերաբերում է մնացածին, ապա ամեն բան հնարավոր է: Չեմ բացառում, որ մի օր ապագայում կրկին կզբաղվեմ քաղաքականությամբ կամ կհայտնվեմ պետական ծառայությունում:

-Եթե հարցնենք Ձեր երեխաներին «Հայրիկն ի՞նչ է աշխատում», ի՞նչ կպատասխանեն:

-Կան բազում զվարճալի պատմություններ: Մեկը հետևյալն է՝ ուսուցչուհին, որը դասավանդել է ինձ և գիտի ինձ մանկուց, հարցնում է. «Մաշա, հայրիկդ ի՞նչ է աշխատում»: Դուստրս առանց երկար մտածելու ասում է. «Հայրս բժիշկ է»: Ուսուցչուհին շփոթմունքի մեջ ընկավ. կամ Մաշան մի բան խառնում է, կամ էլ ես բժիշկ էլ եմ (կամ դարձել եմ վերջին օրերին), սակայն իրեն այդ մասին հայտնի չէ: Հետո, իհարկե, ամեն բան պարզվեց՝ Մաշան ցանկանում էր ասել, որ ես քաղաքական գիտությունների դոկտոր եմ: Դե եթե դոկտոր, ուրեմն բժիշկ:

-Ինչո՞վ են ուզում զբաղվել Մարիան և Էռնեստը:

- Այդ հարցում իրենց տարիքում՝ 6 և 8, ամեն բան կախված է օրվա ժամանակից և տրամադրությունից՝ երաժիշտ, ուսուցիչ, գիտնական, հաղորդավար, էստրադային աստղ, վարորդ, ոստիկան, տիեզերագնաց, բժիշկ և այլն: Ինչպես և բոլոր երեխաների մոտ:

-Կարողանու՞մ եք ժամանակ գտնել ընտանեկան հանգստի, համատեղ արձակուրդների համար:

-Իմ այս ծանրաբեռնվածության պարագայում հանգստի ժամանակ լինում է շատ քիչ, սակայն ամառային արձակուրդներն իմ ծրագրի պարտադիր մասն են կազմում: Մենք շատ ենք սիրում հանգստանալ Հունաստանում՝ հյուրընկալ մարդիկ, կապույտ ծով և լավ խոհանոց. էլ ի՞նչ է պետք: Հուսով եմ այս տարի էլ կստացվի գնալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել