168․am-ը գրում է

Apple ընկերությունը գերազանցել է մասնագետների սպասումները՝ հասույթն արձանագրելով 61,14 մլրդ դոլարի չափով, սակայն նրա iPhone սմարթֆոնների վաճառքների ծավալներն ավելի ցածր են եղել, քան կանխատեսվում էր:

Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, վկայում է 2018 ֆինասնական տարվա երկրորդ եռամսյակի վերաբերյալ մայիսի 1-ին հրապարակված հաշվետվությունը:

Ինչպես հետեւում է այդ փաստաթղթերից, երեք ամսվա ընթացքում, որոնք ավարտվել են ընթացիկ տարվա մարտի 31-ին, վաճառվել է մոտավորապես 52,28 մլն iPhone սմարթֆոն: Ընդհանուր հասույթը կազմել է 61,14 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 13,82 մլրդ դոլար:

Բոլոր այս ցուցանիշներն աճ են արձանագրել 2017 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի տվյալների համեմատությամբ: Նշված ժամանակաշջանում Apple-ին հաջողվել էր իրացնել 50,76 մլն iPhone սմարթֆոն, միագումար հասույթը կազմել էր 52,9 մլրդ դոլար, իսկ շահույթը՝ 11,03 մլրդ դոլար:

iPhone-երի վաճառքների ծավալները փոքր-ինչ ցածր են եղել մասնագետների կանխատեսումներից: Այսպես, StreetAccount հետազոտական ֆիրման ենթադրում էր, որ կիրացվեն մոտավորապես 52,54 մլն նման սարքեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել