Տնտեսական որևէ միությանը միանալու համար գոյություն ունեն մի շարք պատճառներ, բայց դրանցից ամենակարևորը, որը, թերևս, հաճախ է մոռացվում եվրոպամետ հայերի կողմից, հենց տնտեսական պատճառն է:
Որևէ երկիր, որը տվյալ տնտեսական միության երկրների ստեղծած շուկայում ունի մեծ առևտրային հոսք և ցանկանում է հեշտացնել ընթացակարգերը և վերահսկողությունը, տվյալ երկիրն առանձին ոլորտներում ունի մրցունակ արտադրանք և ցանկանում է նոր շուկա մուտք գործել, որոշակի պայմաններով (օրինակ մաքսային տուրքեր կամ լրացուցիչ գրանցումներ) արտահանում է ապրանքներն իր համար կարևոր շուկա և ցանկանում է հեշտացնել այդ գործընթացները… Սրանք բոլորը տվյալ տնտեսական միության հետ մոտեցման կամ ասոցացման լավ պատճառներ են, նույնիսկ կարող են բավարար լինել տվյալ կազմակերպություն մուտք գործելու համար:

Հայաստանը մի քանի տարի է, ինչ երկընտրանքի առջև է կանգնած և փորձում է համատեղել ԵՄ-ին մոտեցումն առանց Ռուսաստանի հետ տարբեր մակարդակներում հարաբերությունների վատթարացման կամ դադարեցման: Երկրում շատ արևմտամետ մարդիկ պնդում են, որ ԵՄ-ի հետ մերձեցումը խիստ դրական կանդրադառնա Հայաստանի համար, նույնիսկ եթե դա ենթադրում է հեռանալ Ռուսաստանից, ինչը նրանց անգամ դրական տեղաշարժ է թվում: Նրանց այս ենթադրությունը պատշաճ կերպով գնահատելու համար պետք է ուսումնասիրել այդ փոփոխությունների հետևանքների երկու հիմնական տարրերը. արդյո՞ք Հայաստանի տնտեսությունն իսկապես համապատասխանում է ԵՄ շուկային, և արդյո՞ք Հայաստանը մտնում է մի կազմակերպություն, որտեղ պատշաճ կերպով կվերաբերվեն Հայաստանին հօգուտ մեր շահերի:

Հակառակ տիրող կարծիքի՝ Ադրբեջանի տնտեսությունը ավելի շատ է ուղղված ԵՄ-ին, քան Հայաստանին: Ադրբեջանի արտահանումը հիմնվում է Եվրամիությանը գազի և նավթի (արտահանման 89 տոկոսի) վաճառքի վրա, քանի որ ԵՄ երկրներն էներգետիկ ոլորտում դեֆիցիտ ունեցող երկրներ են, որոնք այդ ապրանքատեսակից պետք է ներմուծեն մեծ քանակությամբ: Բացի այդ՝ Ադրբեջանն ունի արտարժույթի կարևոր աղբյուր, որը թույլ է տալիս նրան ներմուծել ԵՄ-ում արտադրված ապրանքներ: Եթե հաշվի առնենք 2015-ի տվյալները (վերջին վստահելի տվյալները Ադրբեջանի մասին), կարող ենք տեսնել, որ.

- Իտալիա + Գերմանիա + Ֆրանսիա + Իսպանիա` Ադրբեջանի արտահանման 46% -ը,
- ԵՄ՝ Ադրբեջանից արտահանման 62%-ը,
- Ռուսաստան` Ադրբեջանի արտահանման 2,5%-ը։

Այս պատկերն ունի իր հստակ պատճառը. Ադրբեջանը հիմնականում արտահանում է գազ և նավթ, ինչի կարիքը Ռուսաստանը չունի, իսկ ԵՄ-ն ունի: Չինաստանը շատ հեռու է Ադրբեջանի հետ խողովակաշարերի և նավթամուղների միջոցով կապ հաստատելու համար, ինչը տվյալ ապրանքների առևտուրն անիրագործելի է դարձնում:

Ներմուծման տվյալները.

- 40%՝ ԵՄ-ից,
- 15%՝ Ռուսաստանից,
- 15%՝ Թուրքիայից։

Սրա պատճառներից էլ այն է, որ Ադրբեջանը ԵՄ-ի հետ շուկայական հարաբերությունների հետևանքով մեծ քանակության արտարժույթ է ստանում, որն էլ հետո նրան թույլ է տալիս եվրոպական ապրանքներ գնել: Միևնույն ժամանակ Ռուսաստանից և Թուրքիայից ներմուծում է ավելի փոքր ինքնարժեք ունեցող, հասարակ արտադրանք, որոշ չափով էլ՝ արդյունաբերական ապրանքներ, ԵՄ-ից ավելի ցածր գներով:
Ի՞նչ կարող ենք ասել Հայաստանի մասին:

Հայաստանի դեպքում լրիվ հակառակ պատկերն է: Արտահանումը հիմնված է հանքային հումքի վրա (պղնձի, ալյումինի, ոսկու, պլատինի, մոլիբդենի…), որին հաջորդում են գյուղատնտեսական և անասնաբուծական արտադրանքները (ծխախոտ, լիկյոր, միրգ, կաթնամթերք…) և տեքստիլ ապրանքների որոշակի տոկոս.

- 27%-ը՝ Եվրամիություն,
- Ռուսաստան + տարածաշրջանային դաշնակիցներ (Իրան, Չինաստան, Բելառուս եւ Սիրիա). Հայաստանի արտահանման 35.2% -ը։

Ներմուծման դեպքում՝

- ԵՄ-ից Հայաստանի ներմուծման 18%-ը,
- Ռուսաստան + տարածաշրջանային դաշնակիցներ. Հայաստանի ներմուծման 48%-ը:

Կարո՞ղ ենք պնդել, որ այս համատեքստում ԵՄ-ն Հայաստանի համար հանդիսանում է բնական շուկա: Իհարկե ոչ: Այդ դերը խաղում են հիմնականում Ռուսաստանն ու Չինաստանը: ԵՄ-ն ներմուծում է հանքարդյունաբերական հումք Հայաստանից, բայց հայկական ընկերությունների համար արտահանման նպատակակետ, բնական շուկա, հանդիսանում է Ռուսաստանը: Այս իմաստով ԵՄ-ն ավելի կարևոր դեր է խաղում Ադրբեջանի տնտեսության համար: Սակայն անգամ այս իրավիճակում Ադրբեջանը չի համաձայնվել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, ինչի ստորագրումն առաջարկում են եվրոպամետ հայերը Հայաստանի համար: Ադրբեջանը միայն հետաքրքրություն է ցուցաբերում այնպիսի պայմանագրերի հանդեպ, որոնք ներառում են նավթի և գազի մասին պայմանավորվածություններ, իսկ ԵՄ-ի կողմից առաջարկվողները դրանք չեն ներառում, ինչը, բնականաբար բացարձակապես աղետալի չէ Ադրբեջանի համար, քանի որ նրանք ունեն գրեթե ապահովագրված շուկա: ԵՄ-ը ձգտում է դիվերսիֆիկացնել իր էներգիայի գնումները, որպեսզի այնպես չստացվի, որ բացառապես կախված լինի Ռուսաստանից գազի ներկրումից, ու տվյալ դեպքում Ադրբեջանը հանդիսանում է ԵՄ-ի ռազմավարական գործընկերը: Եվ եկեք մտցնենք մեր գիտակցության մեջ այս՝ «ռազմավարական գործընկեր ԵՄ-ի համար» բառերը, քանի որ հետագայում այդ մասին կխոսենք:

Բնական է, որ ձեզ մոտ ծագի հետևյալ հարցը՝ մի՞թե Հայաստանը հետաքրքրված չէ ոչ թե էներգետիկայի, այլ սպառողական ապրանքների համար եվրոպական մեծ շուկայի բացման մեջ: Այստեղ խաղի մեջ է մտնում մի կարևոր հասկացություն՝ մրցունակությունը: Արդյո՞ք հայկական ապրանքների արտադրությունը մրցունակ է, եթե այն համեմատենք եվրոպական ապրանքների հետ: Բացարձակապես ոչ: Հայաստանը չունի մրցունակ ապրանք արտադրող խոշոր արդյունաբերություն իսկ որոշ ոլորտներ, որտեղ Հայաստանը կարող է մեծացնել իր արտադրանքը, ինչպիսիք են սննդամթերքը, խիստ պաշտպանված են ԵՄ-ում, ինչը դժվարացնում է այնպիսի ապրանքների, ինչպիսիք են, օրինակ, կաթնամթերքը, արտահանումը ԵՄ: Հակառակ պատկերն է Ռուսաստանի դեպքում, որը ներմուծում է սննդամթերք, հատկապես որոշակի տեսակների, ավելի մոտ է աշխարհագրորեն և ավելի մեծ հետաքրքրություն ունի Հայաստանում արտադրվող ապրանքների հանդեպ:

Հայաստանի տնտեսական տվյալների մեջ կա մեկ այլ, շատ կարևոր տարր, որը զգալիորեն ազդում է տնտեսական և միջազգային քաղաքականության վրա `առևտրի հաշվեկշիռը: Այսինքն` արտահանման և ներմուծման տարբերությունը: Եթե երկիրը ներմուծում է ավելի շատ ապրանքներ, քան վաճառում է, ասվում է, որ այն բացասական առևտրային հաշվեկշիռ ունի, և որպեսզի տնտեսությունը չկործանվի կամ անորոշ ժամանակով չընկնի անկայուն իրավիճակի մեջ, այն պետք է փոխհատուցվի ինչ-որ կերպ, օրինակ՝ արտասահմանից փողի ներհոսքի տեսքով:
Ինչպես կռահեցիք, Հայաստանն ունի խայտառակ առևտրային հաշվեկշիռ, քանի որ արտադրությունը քիչ է, իսկ արտահանումը ոչ միայն ցածր է, այլև պահանջվող ապրանքների զգալի մասը պետք է ներկրվի արտերկրից: Բացասական հաշվեկշռի փոխհատուցման գումարները գալիս են դրսից, հիմնականում Ռուսաստանում բնակվող կամ «խոպանի» գնացող հայ աշխատողներից, ովքեր վերադառնում են աշխատած գումարով կամ այն ուղարկում են իրենց հայաստանաբնակ հարազատներին:
Հայաստանի քաղաքացիներ ընդունող երկրների հետ լավ տնտեսական հարաբերությունները հիմնարար գործոն են, որպեսզի նրանք ունենան աշխատանքի մեկնելու բարենպաստ պայմաններ և ոչ թե խոչընդոտներ, որպեսզի կարողանան տեղափոխվել, աշխատել, բնակվել և ուղարկել իրենց աշխատած գումարները: Հայերը հեշտությամբ կարող են մեկնել և աշխատել Ռուսաստանում, ինչը կարող է փոխվել, եթե տնտեսական հարաբերությունները վատթարանան: Եվ սա այն բանն է, որտեղ ԵՄ-ն չի կարող մրցակցել, քանի որ առաջարկվող համաձայնագրերը ներառում են տուրիստական և ոչ թե աշխատանքային վիզաների համար նախատեսված բարեփոխումներ: Աշխատանքային վիզաները դեռևս նույն խնդիրներն են ունենալու: Եվրոպայում տուրիզմի վիզաների հետ փոխել Ռուսաստանում աշխատանքային վիզաները Հայաստանի համար լավ բիզնես չէ: Սրան եթե գումարենք նաև Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական հարաբերություններին վերաբերող մյուս ասպեկտները, որոնք շատ ավելի բարենպաստ են Հայաստանի համար, քան շատերը կարծում են, օրինակ, գազի գնի իջեցումը, ապա պարզ է դառնում, որ այս փաստերը արժե հաշվի առնել:
Եվ վերջացնելու համար, մնում է պատասխանել ևս մեկ հարցի՝ հնարավոր չէ արդյո՞ք համատեղել ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերությունները բարելավելու նպատակով ասոցացման համաձայնագիրը ստորագրելը Ռուսաստանի հետ այլ կազմակերպություններում, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությունը լինելու հետ: Միանշանակ ոչ, քանի որ ԵՄ-ն բացառում է միաժամանակ երկու կազմակերպությունների անդամ լինելու հնարավորությունը: ԵՄ-ն պայման է դարձնում Ռուսաստանի հետ միավորմանը չհամաձայնելը իր հետ ասոցացման համաձայնագրերի համար: Հետևաբար, պետք է կասկածի տակ դնել բոլոր այն մարդկանց խոսքերը, ովքեր խոսում են երկու իրավիճակների համատեղելիության մասին, քանի որ դա հնարավոր չէ, նրանք դա գիտեն և խաբում են ձեզ:
Ուրեմն ինչպե՞ս կարող է որևէ մեկը հավատալ, որ հայ աշխատողների համար իրենց հիմնական աշխատաշուկա հասնելը դժվարեցնելը (Ռուսաստան), եկամուտների հոսքը կրճատելը և հետևաբար առևտրի հաշվեկշիռը բացասական դարձնելը, գազի գնի ավելացումը և ներքին շուկայի բացումը եվրոպական ապրանքների համար մինչդեռ եվրոպական շուկայի հայկական ապրանքների ամենագրավիչ սեկտորների համար փակ մնալը, լավ բիզնե՞ս է Հայաստանի համար։ Պատասխանը շատ պարզ է՝ միայն այն մարդիկ, ովքեր գաղափարական, անձնական շահերով են շարժվում, և ոչ թե երկրի շահերով, միայն նրանք կարող են իրավիճակն այդպես տեսնել:

Ա&Գ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել