operativ.am-ը գրում է
Յուրաքանչյուր մարդ իր ողջ կյանքի ընթացքում ունի ներանձնային հակադրություն: Այդ հակադրության մի կողմերն են նպատակադրումն ու ակտիվությունը, իսկ մյուսը՝ անգործության մատնվելու ցանկությունը, կամ ինչպես հաճախ ընդունված է ասել՝ ծուլությունը: Հոգեբանության մեջ հստակ սահմանում չկա ծուլության մասին: Այն ուսումնասիրվում է կամային որակների հետ: Դարի համախտանիշներից մեկը համարվող ծուլության ծագման և մոտիվացիայի բացակայության պատճառների, դրանց դեմ կիրառվող մեթոդների, բացասական հետևանքների և մշտապես մոտիվացված լինելու գաղտնիքների մասին զրուցել ենք հոգեբան Հայկուհի Հարությունյանի հետ:

-Որո՞նք են «բոլոր մեղքերի մայրը» համարվող ծուլության և մոտիվացիայի բացակայության հիմնական պատճառները:

-Ծուլությունը կարող է լինել անձնային առանձնահատկություն՝ խառնվածք, բնավորության գիծ, բայց կարող է առաջանալ նաև սոցիալական միջավայրի և ԶԼՄ-ների ազդեցության հետևանքով: Մեզ ծուլացնում է սեփական ուղեղը, մենք չենք սիրում լքել մեր կոմֆորտի տարածքը: Ավելի հեշտ է ծուլանալ, քան պայքարել ինչ-որ անհաջողությունների դեմ, որոնք հանդիպում են դեպի նպատակ տանող մեր ճանապարհին:

Որպեսզի զերծ մնանք նման իրավիճակներից, պետք է հստակ պատկերացնել, թե ծուլության առաջացման պատճառն ինչն է:

Մոտիվացիայի պակասի կամ բացակայության պատճառ կարող է լինել այն, որ ծավալվող գործունեությունը կա՛մ պակաս հետաքրքիր է, կա՛մ չի համապատասխանում մեր արժեքներին: Սակայն պետք է նշել, որ ծուլությունը չի կարելի միայն որպես բացասակայն երևույթ դիտարկել: Վերջինս նաև ֆիզիոլոգիական պահանջմունք է և ապահովում է մարդու հանգստի պահանջը: Ծուլության «շնորհիվ» պահպանում ենք նաև մեր կյանքի էներգիան:

Գոյություն ունեն ծուլության մի շարք պատճառներ: Վախ՝ ներդաշնակության խոչընդոտման վախն է: Եվ ծուլության զգացումն այս դեպքում կատարում է պաշտպանական մեխանիզմի դեր, որպեսզի անհատը նորից չզգա անցանկալի ապրումներ կամ անհաջողության զգացում չունենա:
Ինչ-որ բան չանելու ցանկությունը կապված է ցածր մոտիվացիայի հետ: Անհատի գլխում ծագում է այսպիսի մտքեր. «Ո՞րն է այս ամենի իմաստը», «Հանուն ինչի՞» և նման հարցեր:

Հոգնածություն և ցածր էներգետիկա. Պատահում է, որ անհատը չի ցանկանում որևէ գործունեություն իրականացնել, քանի որ հոգնել է, ուղղակի ուզում է հանգստանալ: Դեպրեսիան և վատ տրամադրվածությունը ևս հիմք են ծուլության համար:

-Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ երկարատև ծուլության համախտանիշը:

- Բոլոր մարդիկ ի սկզբանե ծուլանում են ինչ-որ բան անելիս, իսկ հետո լրանում է ժամանակը, խնդիրները մնում են չլուծված, մարդիկ արդեն դեպրեսիայի մեջ են ընկնում, նևրոտիկ վիճակում են հայտնվում:

Երկարատև ծուլությունը կարող է հանգեցնել հետագայում մեղքի զգացման, նեգատիվ ապրումների: Քանի որ չկատարված գործողությունը, այնուամենայնիվ, իր մասին միշտ հիշեցնել է տալիս:

-Ի ՞նչ լուծումներ և պրակտիկ մեթոդներ են կիրառվում ծուլության դեմ, և մոտիվացիայի բարձրացման համար ի՞նչ դեղամիջոցներ կտաք:

-Իրականում գոյություն ունեն հարյուրից ավելի գաղափարներ, տեսություններ այն մասին, թե ինչպես բարձրացնել մոտիվացիան, կամքի ուժ ձեռք բերել կամ ձերբազատվել ծուլությունից, սակայն դա որոշ չափով կրում է նաև անհատական բնույթ, այսինքն՝ այդ հարյուրից ավելի տեսությունները ոչ բոլոր մարդիկ կարող են կիրառել: Յուրաքանչյուրս ունենք մեր հոգեբանական առանձնահատկությունները, և կարող է՝ այդ տեսությունները նույնիսկ չհամապատասխանեն մեր հոգեկան, անձնային առանձնահատկություններին:

Եվրոպական հետազոտողները, օրինակ, առաջ են քաշել 20 րոպեի մեթոդը, որը վերջերս նաև ներմուծվել է Հայաստան ու մեծ տարածում ունի: Հոգեբանները խորհուրդ են տալիս 
նույն գործով 20 րոպեից ավել չզբաղվել: Մեր ուղեղն ի վիճակի է կենտրոնանալ իրականում 30-40 րոպե և ոչ ավելի: Եթե նույնիսկ երկար ժամանակ նույն գործով ենք զբաղվում, միևնույնն է, մեր գիտակցական դաշտը քնած վիճակում է գտնվում, և արդյունավետությունն էլ բարձր չի լինում: Հետևապես խորհուրդ է տրվում 20 րոպե աշխատել, 20 րոպե մեկ այլ գործով զբաղվել, և կրկին անցնել սովորելուն կամ աշխատելուն:

Խորհուրդ է տրվում նաև քնել ժամը 12-ից ոչ ուշ, արթնանալ շուտ, քանի որ, իհարկե, գիշերը մի քանի ավել ժամ կարող ենք աշխատել, բայց հաջորդ օրը ոչ արդյունավետ կանցկացնենք : Նաև այսպիսի մեթոդ կա. եթե հոգնում ենք կամ ծուլանում ենք աշխատել, կարող ենք աշխատանքը թողնել այդ պահին և զբաղվել սենյակի, պահարանների մաքրությամբ: Արդյունքում մենք արթնացնում ենք մեր օրգանիզմը, հոգեկան ակտիվությունը և նպաստում ենք ավելի բարդ գործողություններ իրականացնելուն:

-Ինչպե՞ս հոգեբանորեն «զինվել», տրամադրվել մոտիվացված լինելուն և ունենալ գործելու պատրաստակամություն:

- Թե ինչպես մոտիվացվել, յուրաքանչյուրն ինքն է որոշում: Այսինքն պետք է հասկանալ՝ մեր նպատակն ինչ կտա մեզ արդյունքում և դրանից կախվելով՝ պետք է ստեղծենք մեր սեփական մոտիվացիան: Այդ առումով շատերին կարող են օգնել նաև մտերիմ մարդիկ:

Խորհուրդ է տրվում նաև դժվար նպատակներին հասնելու համար դրանք բաժանել փոքր նպատակների, որոնք ավելի հեշտ լուծելի են: Ու պետք է հիշել, որ եթե ցանկանում ենք հասնել մեր նպատակին, պետք է գործենք, քանի որ եթե չկա գործողություն, չկա արդյունք, չկա արդյունք, չկա փոփոխություն: Սպասել, որ ինչ-որ բան կստացվի առանց գործողությունների, նշանակում է ոչինչ չանել, և սպասել, որ ինչ-որ մեկը մեր փոխարեն կգործի, նշանակում է ոչնչի չսպասել: Արդյունքում պետք է ստեղծենք սեփական նպատակները, ճիշտ նպատակադրում իրականացնենք, ու փորձենք դրանց հասնել:

-Ճիշտ նպատակադրումը մեր օրերում ինքնազարգացման ոլորտի ամենաքննարկվող և ակտուալ խնդիրներից է: Ի՞նչպես ձեռք բերել այդ հմտությունը:

-Մենք պետք է գտնենք, ստեղծենք այն հստակ նպատակները, որոնք համապատասխանում են մեր հետաքրքրություններին, մեր արժեքներին, կարծես հանդիսանում են մեր կյանքի իմաստը, որի արդյունքում մենք ներսից ունենում ենք դա կատարելու մոտիվացիոն դաշտ:

Ճիշտ նպատակադրումը հանգեցնում է բարձր մոտիվացիայի: Ցանկացած գործողություն անելուց հետո կարող ենք ինքներս մեզ խրախուսել, արդյունքում կբարձրանա մեր ինքնագնահատականը, իսկ մարդն իր տեսակով միշտ ձգտում է կատարել գործողություն, որը կնպաստի իր ինքնագնահատականի բարձրացմանն ու ինքնազարգացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել