Panorama.am-ը գրում է.

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը ՀՀԿ-Փաշինյան հանդիպման ժամանակ բարձրացրեց «Նաիրիտ» գործարանի վերագործարկման հարցը:

«Գաղտնիք չէ, որ շարժման հիմքում կան սոցիալական արմատներ, ժողովրդին ավելի շատ հետաքրքրում է, թե երբ է լավ ապրելու: Շարժման ժամանակ Դուք բազմիցս հնչեցրել եք աշխատատեղերի ստեղծման, լուրջ արտադրություններ ստեղծելու հարցերը: Շարժման յուրաքանչյուր օրը առնվազն երկու ամսով մեր տնտեսությունը հետ է շպրտել: Այս իրավիճակից դուրս գալու համար, թե ներդրումների հարցով, թե արտադրություններ կազմակերպելու հարցով Դուք հնչեցրել եք, որ իշխանությունների կողմից սխալ քաղաքականություն է վարվում «Նաիրիտ»-ի վերագործակման հետ կապված: Ե՞րբ է աշխատելու «Նաիրիտ» գործարանը»,-հարցրեց Գագիկ Մելիքյանը:

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ փորձագիտական մակարդակով չի տիրապետում «Նաիրիտ» գործարանի խնդրին և չի կարող այդ հարցին ուղիղ պատասխանել:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե շարժման ամեն օրը երկու ամսով հետ է շպրտում տնտեսությունը, Փաշինյանն ասաց, որ ըստ իրեն՝ շարժման ամեն օրը նաև մեծ պոտենցիալ է կուտակել Հայաստանի տնտեսության էական և թռիչքաձև զարգացման համար:

«Եթե օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության պայմանները ապահովվեն, ինչը շարժման հիմնական գաղափարներից մեկն է, համոզված եմ, որ Հայաստանում լրջագույն ներդրումներ են արվելու՝ առաջին հերթին հենց հայկական շրջանակներից: Այդպիսի ազդակներ արդեն իսկ կան: Մեր ամեն բաց թողնված օրը և ամիսը շատ արագ կկոմպենսացվի, եթե իհարկե արագ կարողանանք հասնել հանգուցալուծման և անցնել արդեն բարձրացված օրակարգի կոնկրետ խնդիրների լուծմանը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել