«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց այսօրվա անելիքները: 

«Վերջին երկու օրերին ուղղակի ֆանտաստիկ մարզային ճամփորդություն իրականացրինք, որը հզորագույն ազդեցություն ունեցավ ներքաղաքական իրավիճակի վրա, և բոլոր հիմքերը կան պնդելու, որ ՀՀ քաղաքացիների բացառիկ ակտիվությամբ մենք ևս մեկ քայլ արեցինք ներքաղաքական իրավիճակի ժողովրդահաճ հանգուցալուծման համար»,- ասաց նա:

Նա նաև ներողություն խնդրեց այն մարզերի բնակիչներից, որոնց մարզ չի կարողացել այցելել և շնորհակալություն հայտնեց այն մարզերի բնակիչներին, որոնք բացառիկ ակտիվություն ցուցաբերեցին:

«Չնայած քաղաքական իրավիճակը նույն տեղում չէ, և վերջին իրադարձությունները հաշվի առնելով՝ որոշակի առաջընթաց ենք ունեցել, ես կոչ եմ անում ուղիղ 12:00-ից իրականացնել քաղաքացիական անհնազանդության խաղաղ, ոչ բռնի գործողությունններ, որոնք մենք իրականացրել ենք, և 16:00-ին ապաշրջափակել բոլոր ճանապարհները, որ քաղաքացիները հնարավորություն ունենան հասնելու հրապարակ»,- ասաց նա:


Նիկոլ Փաշինյանը հայտնեց նաև, որ 17:00-ին Ֆրանսիայի հրապարակից իրականացնելու են երթ դեպի Հանրապետության հրապարակ, իսկ ժամը 19:00-ին տեղի է ունենալու հանրահավաք:

«Այն չափազանց կարևոր հանրահավաք  է, մենք պետք է ի ցույց դնենք, որ այս շարժումը վճռական է և իր ոտքերի վրա ամուր կանգնած է լինելու: Ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լավ է, կարծում եմ՝ պետք է պատրաստվենք հաղթանակի»,- ասաց նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել