Panorama.am-ը գրում է.

Washington Post-ի հեղինակն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումներին: Պարբերականի սյունակագիր Աննա Էփլբաումը ապրիլի 26-ին հրապարակված հոդվածում գրում է.

«Երբ ես տեսա Արևելյան Գերմանիայի ժողովրդի այդ ստվար զանգվածը, ես հասկացա, որ նրանք ճիշտ էին»: Քառորդ դար անց այդպես էր մեկնաբանում գնդապետ Հերալդ Յագերը դարպասները բացելու և Բեռլինի պատով իր համերկրացիների անցումը թույլատրելու իր որոշումը: Յագերը հսկում էր սահմանային անցակետը 1989թ նոյեմբերի 9-ի այն ժամերին, երբ Արևելյան Գերմանիայի առաջնորդները հայտարարեցին, որ մարդկանց համար տեղաշարժման կանոնները փոխվում են: Երբ Բեռլինի բնակիչները հավաքվեցին պատի մոտ՝ պահանջելով անցնել դեպի արևմտյան Բեռլին, նա շարունակաբար հրահանգներ էր խնդրում իր ղեկավարներից, բայց ոչինչ չէր լսում ի պատասխան:

Ի վերջո ամբոխը ստիպեց նրան գործել. «Այդ պահին այնքան պարզ դարձավ ինձ համար ամեն ինչ… հիմարությունը, մարդկայնության բացակայությունը: Ես վերջապես ասացի ինքս ինձ. «Կորեք բոլորդ: Հիմա ես կանեմ այն, ինչ ճիշտ եմ համարում»: Այդ պահն է հստակորեն ցուցադրում, թե ինչպես և ինչու կարող են փողոցային ցույցերը երբեմն քաղաքական փոփոխությունների պատճառ դառնալ: Նրանք կարող են հղում անել ավելի խորը թաքնված բարոյականությանը և այդպիսով համոզել իշխանավորներին փոխել քաղաքականությունը, հրաժարվել ռեպրեսիվ ռեժիմից և դադարել ուժի կիրառումը:

Ես Յագերի մասին մտածեցի այս շաբաթ, երբ Հայաստանի վարչապետը զարմացրեց իր երկրին ու հրաժարական տվեց: Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահն էր արդեն տասը տարի, 2008-ից մինչև 2018-ը, որի ժամանակ ստեղծել էր քաղաքական ու բիզնես կապեր՝ իրեն իշխանության մեջ մնալու հարցում օժանդակելու համար: Պաշտոնը լքելու սպասման մեջ նա փոխել էր որոշ կանոններ, ուժեղացրել էր վարչապետի իշխանությունը և կազմակերպել էր, որ պառլամենտը իրեն ընտրի այդ պաշտոնում: Դա հայտնի աճպարարություն է. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նման խաղեր խաղացել են՝ անցում կատարելով նախագահությունից վարչապետություն՝ իշխանության մեջ մնալու համար:

Հայերը հասկացել էին այդ ամենը: 11 օր շարունակ մարդկանց բազմությունը ցույցերի էին մասնակցում իշխանության զավթման այդ փորձի դեմ՝ մայրաքաղաքում և այլուր: Հետո, անակնկալ կերպով, Սարգսյանը հրաժարական տվեց. «Ես սխալ էի», - հայտարարեց նա: «Փողոցի շարժումը իմ իշխանության դեմ է: Ես կատարում եմ ձեր պահանջը»:

Անակնկալի եկած հայերը լցվեցին փողոցներ կրկին, այս անգամ խրախճանքի համար: Թոմաս դե Վաալը, ով Հայաստանի վերաբերյալ մի քանի գրքերի հեղինակ է, ասաց ինձ, որ Սարգսյանը հաշվի առավ այն փաստը, որ Հայաստանը «փոքր երկիր է՝ ազգային համերաշխության ուժեղ զգացումներով»: Մեկ այլ հնարավոր գործոն է այն, որ վերջին անգամ, երբ հայերը փողոցային լայնածավալ բողոքի ցույցեր էին կազմակերպել, 2008-ի մարդն էր, և ոստիկանության գործողությունների արդյունքում 10 մարդ էր զոհվել: Հավանաբար, Սարգսյանը «չէր ցանկացել կրկնել այդ փորձառությունը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել