Azatutyun.am-ը գրում է․

«Ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր տեղի ունեցավ հանդիպում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ», - տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական համակարգը:

Հանդիպմանը մասնակցել են Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսները, հայաստանյան թեմերի առաջնորդները և Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ:

Նորին Սրբությունը հոգևոր դասի անունից մտահոգություն է հայտնել հայրենի երկրում տեղ գտած քաղաքական զարգացումների հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Վեհափառ Հայրապետը կարևորել է, որ քաղաքական գործընթացները լինեն անցնցում և օրինականության շրջանակներում:

«Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ համընդհանուր ջանքերով, երկխոսության միջոցով քաղաքական ճգնաժամը հանգուցալուծման պիտի առաջնորդվի՝ նկատի առնելով ազգային շահերը, ի մասնավորի՝ Արցախի ժողովրդի ապահով ու անվտանգ կյանքը և հայոց պետականության անսասանությունը», - ասված է հաղորդագրությունում: - «Առկա իրավիճակի և դրա հաղթահարման ուղիների վերաբերյալ լուսաբանություններ տվեցին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախագահները, պատասխանեցին հոգևոր դասի հարցումներին: Զրույցի ընթացքում կարևորվեց հայրենիքում ներքաղաքական կայունության ապահովումը և գործընթացների իրականացման ճանապարհին օրենքի և սահմանադրության անխաթար պահպանումը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել