Armenpress.am-ը գրում է.

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 25-ին Ռումինիայի խորհրդարանում տարածվել է քաղաքական հայտարարությունուր կոչ է արվում Ռումինիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ռումինիայի պատմության մեջ առաջին անգամ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ քաղաքական հայտարարությամբ հանդես են եկել խորհրդարանի տարբեր կուսակցություններ ներկայացնող և տարբեր ազգությունների ութ պատգամավորներ, ընդ որում, հայտարարությունը մոտ մեկ ամիս բաց կլինի միանալու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, այս նախաձեռնությունը նպատակ ունի Ռումինիայում առաջ բերելու Հայոց ցեղասպանության հանրային ավելի լայն ընկալում, ինչպես նաև ստեղծելու խորհրդարանական քննարկումների հնարավորություն մի երկրում, որը դեռևս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հայտարարության մեջ ասված է.       

«Մեծ ողբերգությունները ոչ միայն դրանք ապրած ժողովուրդներինն են, այլև ամբողջ մարդկությանը, իսկ օսմանյան իշխանությունների կողմից հայերի նկատմամբ գործված ցեղասպանությունը մարդկության կրած առավել սարսափելի ողբերգություններից է:

1915 թվականի գարնանից սկսած, ընդամենը մի քանի ամիսների ընթացքում բազմամիլիոն քաղաքակրթությունը ոչնչացվեց իր պատմական բնօրրանում: Առաջին աշխարհամարտի ավարտին պատմական Հայաստանում ապրող երեք միլիոն հայերից միլիունուկեսը սպանվեցին, իսկ մնացածները փրկություն գտան բռնագաղթի ճամփան բռնելով:

Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն բարոյական խնդիր չէ. այն նաև միջազգային հանրության հստակ վերաբերմունքի հարց է: Եթե այդ ճանաչումը տեղի ունենար Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին, դրան հաջորդած զարհուրելի շատ դեպքեր, սկսած  Օսմանյան կայսրությունում հույների զանգվածային սպանություններից և հրեա ժողովրդի Հոլոքոստից մինչև նախկին Հարավսլավիայում գործված ոճիրները, հնարավոր է, որ տեղի չունենային:

Անցած տասնամյակների ընթացքում աշխարհի շատ երկրների խորհրդարաններ ընդունեցին բանաձևեր, որոնցում Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները որակեցին որպես ցեղասպանության հանցագործություն: Եվրոպական Միության անդամ պետություններից, որոնք նման բանաձևեր ընդունեցին, կարող ենք հիշատակել Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ավստրիան, Հոլանդիան, Շվեդիան, Հունաստանը, Սլովակիան, Չեխիան, Լեհաստանը, Բուլղարիան, Բելգիան, Կիպրոսը, Լիտվան, Լյուքսեմբուրգը: Նրանց են միացել բազմաթիվ այլ երկրներ, ինչպես Կանադան, Արգենտինան, Ուրուգվայը, Բոլիվիան, Վենեսուելան, Պարագվայը, Չիլին, Բրազիլիան, Շվեյցարիան, Ռուսաստանը կամ Վատիկանը: ԱՄՆ-ի 48 նահանգներ ընդունել են համանման հայտարարություններ: Սրանց են հավելվել միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված բանաձևեր, այդ թվում Եվրոխորհրդարանի, Եվրոպայի Խորհրդի, Եվրոպական ժողովրդական կուսակցության, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և այլոց կողմից

Ռումինիայում ևս հասարակայնության կարևոր աջակցությունը կա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Մենք, այս հայտարարությունը ստորագրածներս, գտնում ենք, որ հասել է Ռումինիայի խորհրդարանի կողմից այդ ցեղասպանությունը ճանաչելու ժամանակը և հույս ունենք, որ մեր առաջարկին կմիանան մեծ թվով սենատորներ և պատգամավորներ»:

Հայտարարությունը ստորագրել են Ռումինիայի խորհրդարանի ութ պատգամավորներ՝ Սլավոլյուբ Ադնաջին (Slavoliub Adnagi), Ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցությունից, ազգությամբ սերբ Օվիդիու Գանց (Ovidiu Victor Ganț), Ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցությունից, ազգությամբ գերմանացի, Ջուրեչ-Սլոբոդան Գերան (Giureci-Slobodan Ghera), Ռումինիայի խորվաթների միություն Ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցությունից, ազգությամբ խորվաթ, Վարուժան Փամբուկչյան  (Varujan Pambuccian), Ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցության ղեկավար, Լուչիան-Էդուարդ Սիմիոնը (Lucian-Eduard Simion), սոցիալ դեմոկրատական կուսակցություն՝ PSD, Սիլվիու Վեքսլերը (Silviu Vexler), Ռումինիայի հրեական համայնքների ֆեդերացիա, Ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցությունից, ազգությամբ հրեա, Վարուժան Ոսկանյանը (Varujan Vosganian), Լիբերալների և դեմոկրատների դաշինք՝ ALDE, Դրագոշ Գաբրիել Զիսոպոլը (Dragoș Gabriel Zisopol), Ռումինիայի հույների միություն, Ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցությունից, ազգությամբ հույն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել