Եթե պարոն Փաշինյանն այս խորհրդարանի միջոցով ընտրվի վարչապատ, ինչի հավանականությունն արդեն գրեթե 90 % է, ապա ՝

1. Եթե խորհրդարանը ոչ լեգիտիմ է, նա կլինի ՈՉ լեգիտիմ վարչապետ։
2. Եթե Խորհրդարանը լեգիտիմ է, ապա «հեղափոխությունն» ուղղված է լեգիտիմ իշխանության դեմ։

Շարժման սկզբնական փուլում ինձ ոգեշնչող նպատակները 2-ն էին՝

Պարոն Սարգսյանը կամ ցանկացած այլ անձ 3-րդ անգամ չպետք է ստանձնի երկրի կառավարման ղեկը, այն էլ՝ սեփական խոստմանը հակառակ։

2. Սեղմ ժամկետներում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում, ամենայն հավանականությամբ․

Ա) կձևավորվի ժողովրդի վստահությունը վայելող նոր իշխանություն՝ ի դեմս պարոն Փաշինյանի ղեկավարած թիմի, 

Բ) վերջապես կունենանք կառավարման փորձ ունեցող, կոռուպցիոն և այլ կեղտոտ երևույթների բոլոր գաղտնիքներին տիրապետող հզոր ընդդիմություն՝ ի դեմս ՀՀԿ-ի:

Պարոն Փաշինյանն, ի պատիվ իրեն և իր թիմակիցների, կարողացավ նշված գաղափարի շուրջ համախմբել հայ ժողովրդի զգալի մասին: Ի դեպ՝ սցենարը հետևյալն էր՝ շրջապատել Ազգային ժողովի շենքը և չթողնել, որ տեղի ունենան վարչապետի ընտրություններ, ինչի արդյունքում իրավունքի ուժով խորհրդարանը կարձակվեր:
Արդյունքում, առաջին նպատակն արդեն իրականություն է՝ պարոն Սարգսյանը հրաժարական տվեց:
Կարծում եմ, որպես ՀՀ սահմանադրությանը չհամապատասխանող վարչապետ կամ փոխվարչապետ, պետք է հրաժարական տա նաև Կարեն Կարապետյանը, քանի որ նա վերջին 4 տարիների ընթացքում մշտապես չի բնակվել ՀՀ-ում: Խորհրդարանը պետք է վարչապետ չընտրի, և արդյունքում այն կարձակվի իրավունքի ուժով և 30-40 օրվա ընթացքում, համաձայն ՀՀ սահմանադրության, կկազմակերպվեն արտահերթ ընտրություններ: Պարոն Փաշինյանի թիմը կհավաքի բավարար ձայներ լեգիտիմ կառավարություն կազմելու համար, ու կունենանք կայացած ընդդիմություն և այլն...
Այժմ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նպատակը փոխարինվել է պարոն Փաշինյանի օր առաջ վարչապետ դառնալու նպատակով:

Ի՞նչ տեղի կունենա այս դեպքում։

Դատելով նաև պարոն Փաշինյանի՝ 25.04.2018թ «Ուրվագիծ» հաղորդման ընթացքում արտահայտած մտքերից՝ ինքը պետք է աշխատի ՀՀԿ-ի կադրերի հետ: Բացի այդ՝ ՀՀԿ-ն, ՍՏԻՊՎԱԾ պետք է ընտրի իրեն որպես վարչապետ, հետևաբար նրանք աշխատելու են միասին:

Արտահերթ ընտրությունները հետաձգվում են անորոշ ժամկետով, քանի որ պարոն Փաշինյանը ցանկանում է ստեղծել ընտրակաշառքների դեմ պայքարող հատուկ կառույց և կատարել այլ ընտրական իրավունքին վերաբերող բարեփոխումներ: Աստված գիտի, թե մինչ այդ կառույցի կայացումն ինչքան ժամանակ կանցնի:
Եվ այդ ամբողջ ժամկետի ընթացքում, մենք խորհրդարանում փաստացի չենք ունենալու ընդդիմություն, քանի որ միակ ընդդիմությունը՝ ՀՀԿ-ն, արդեն իսկ վախի ազդեցության տակ պարոն Փաշինյանին ընտրել է որպես վարչապետ: Իսկ պարոն Փաշինյանի մոտ կարող է կորած լինի նաև օր առաջ արտահերթ ընտրություններ անցկացնելու շահագրգռվածությունը:
Չեմ բացառում նաև, որ ընտրությունների հետաձգման արդյունքում պարոն Փաշինյանի թիմը, եթե ընտրություններն անցնեն արդար, չհավաքի այն ձայները, որը կարող է հավաքել այժմ, քանի որ մինչ ընտրությունները նա լինելու է ՀՀԿ-ի հետ աշխատող վարչապետ, և ժողովուրդը հասկանալու է, որ պարոն Փաշինյանը մեսիա կամ հրաշագործ չէ, իսկ բնակչության կյանքն այնպես չի լավացել, ինչպես միշտ ակնկալվում է ցանկացած հեղափոխության սկզբում:

Կորած է լինելու նաև համազգային «գիպնոզի» ազդեցությունը, այն «գիպնոզի», որի ազդեցության տակ այսօր Հանրապետության հրապարակում բնակչության զգալի մաս կազմող զանգվածը, միայն պարոն Փաշինյանի խոսքի ինտոնացիայից ելնելով, գոչում է՝ այո կամ ոչ, շատ դեպքերում առանց հասկանալու, թե ինչի մասին է խոսքը:
Վերոգրյալը նշանակում է, որ Հանրապետության հրապարակում հավաքվող բնակչությունն արդեն ոչ թե իր իրավունքների համար պայքարող հպարտ քաղաքացիներից կազմված ժողովուրդ է, այլ՝ կամաց-կամաց ամբոխի վերածվող զանգված: Իսկ ամբոխի մեջ առանձին մարդիկ կորցնում են իրենց անձնական պատասխանատվության չափաբաժինը և տուրք են տալիս այնպիսի ինստինկտների, որոնք նրանք կզսպեին այլ դեպքում, երբ պատասխանատվությունն ամբողջապես իրենց վրա է: 

Ամբոխն անհանդուրժող է, այն ընկալում է միայն պարզունակ ու ծայրահեղ զգացմունքներ, որոնցից ամենատարածվածն անհանդուրժողականությունն ու ավտորիտարությունն են: Ցանկացած կարծիք ու գաղափար կա՛մ ընդունվում է ամբոջությամբ, կա՛մ ամբողջությամբ մերժվում` լինի դա բացարձակ ճշմարտություն, թե մոլորություն (Գյուստավ Լոբոն-Ամբոխի հոգեբանություն):

Առանց արտահերթ ընտրությունների պարոն Փաշինյանի վարչապետ դառնալու սցենարը որևէ առնչություն չունի ժողովրդավարական երկրի կառավարման համակարգի հետ:
Այլ կերպ ասած՝ եթե մինչև անգամ պարոն Փաշինյանը կարող է լինել աշխարհի ամենաբարեխիղճ, հայրենասեր և ֆանտաստիկ վարչապետը, միևնույնն է, այժմյան գործող խորհրդարանի կողմից ընտրվելու դեպքում նրան ԵՍ, համարելու եմ ոչ լեգիտիմ վարչապետ:
Ավարտելով խոսքս՝ նշեմ, որ, եթե պարոն Սարգսյանի ամենակոպիտ քաղաքական սխալն այն էր, որ նա ցանկանում էր ամեն գնով վարկյան առաջ դառնալ վարչապետ, ապա պարոն Փաշինյանի դեպքում սխալի բովանդակությունը չի փոխվել:
Չնայած հաղթողներին չեն դատում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել