ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց առժամանակ դադարեցնել փողոցների փակումը Երևանում:

Նա նշեց, որ մտահոգիչ տեղեկություններ է ստացել, որ Երևանում կան առանց համարանիշների կամ համարանիշները փակած մեծ թվով ավտոմեքենաներ, որոնք անկանոն ձևով վարում են և վտանգում մարդկանց:

«Կոչ եմ անում առժամանակ դադարեցնել Երևանում փողոցների փակումը, որպեսզի կարողանանք զբաղվել Երևանում երթևեկության վերականգնմամբ: Չի կարելի թույլ տալ, որ ինչ-որ մարդիկ առիթից օգտվեն և փորձեն այս ամենը վերածել անվերահսկելի գործողության: Մենք պետք է առաջին հերթին զբաղվենք դրանով, որ նման երևույթներ չլինեն: Իրավիճակը պետք է լինի վերահսկելի: Խոսքը միայն Երևանի մասին է»,- ասաց Փաշինյանը:

Նա իր աջակիցներին կոչ արեց ինքնակազմակերպվել և թույլ չտալ, որ նման մեքենաները երթևեկեն. «Դա նույնն է, որ մենք ասում ենք, որ դիմակներով չպետք է մարդիկ մասնակցեն մեր հավաքներին: Այս հատվածներում ճռիկներ անողները դա անում են մեր շարժումը վարկաբեկելու համար: Ոչ մի առանց համարանիշի մեքենա չպետք է լինի փողոցում: Փողոցնեը փակելու ակցիան փոխարինում ենք առանց համարանիշների կամ փակած համարանիշներով մեքենաների խնդիրը լուծելու ակցիայով»:

Նախօրեին Փաշինյանը հայտարարել էր, որ իրենց բողոքի գործողությունները սկսեելու են ժամը 12-ից։ «Վաղը առավոտից նոր թափով և ծավալներով շարունակվում են գործադուլները, դասադուլները։ Եվս մի քայլ ենք անում և ավարտին ենք հասցնում այս պատմությունը: Ես ինքս գործողությունները կսկսեմ ժամը 12:00-ից, անելու ենք ճանապարհների, կամուրջների շրջափակում։ 80 բեռնատար է հավաքվել Երևան-Սևան մայրուղու վրա, և կոչ եմ անում մտնել Երևան և շրջափակել բոլոր փողոցները, որ հնարավոր է շրջափակել։ Ինքս կսկսեմ Լամբադա կամրջի սկզբնամասից»,- ասել էր նա:

Նա նաև կոչ է արել բոլոր վարորդներին՝ վաղը առավոտյան՝ ժամը 12:05-ից, բոլոր մեքենաները ամբողջ հանրապետության տարածքում քսան րոպեով ուղղակի կանգնել և դադարեցնել երթևեկությունը, իսկ ժամը 19-ին հավաքվել հանրահավաքի Հանրապետության հրապարակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել