Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօրվանից սկսում է խորհրդակցություններ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։

Նրա հայտարարության մեջ ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Երեկ՝ ապրիլի 24-ին, մեր ողջ ժողովուրդը համաշխարհային հանրության հետ միասին ոգեկոչեց մեր սուրբ նահատակների հիշատակը՝ դրսեւորելով ազգային համերաշխության եւ միասնության օրինակ:

Այսօր նույնպես, առավել քան երբեւէ, մենք պետք է լինենք միասնական եւ համախումբ:

Քաղաքացիական շարժումը, որի մեջ ներգրավված է հատկապես երիտասարդությունը, նոր հնարավորություններ է բացում Հայաստանի քաղաքական կյանքի առողջացման եւ ժողովրդավարության խորացման ուղղությամբ: Այն կբարձրացնի Հայաստանի եւ հայ ժողովրդի հեղինակությունն աշխարհում, եթե մենք կարողանանք ճիշտ եւ կշռադատված լուծումներ գտնել:

Այդ իմաստով չափազանց կարեւոր է կողմերի միջեւ երկխոսության մեկնարկը:

Ծանոթ եմ այսօր առավոտյան նախատեսված բանակցությունները դադարեցնելու մասին քաղաքացիական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի եւ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարություններին եւ արտահայտված դիրքորոշումներին:

Ափսոսանք եմ հայտնում, որ բանակցություններն ընդհատվել են:

Երկիրը եւ մեր երիտասարդ ժողովրդավարությունը գտնվում են լուրջ քննության առջեւ:

Մտահոգ ստեղծված դրությամբ՝ այսօրվանից սկսում եմ խորհրդակցություններ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները:

Հուսով եմ՝ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի փոխըմբռնման ոգով գտնել հնարավոր հանգուցալուծման ուղիները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել