ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, վերջին օրերին Հայաստանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի երեկվա հայտարարությանը` արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։

«Հիմա արդեն ակնհայտ է, որ ՀՀԿ-ն և Կարեն Կարապետյանը մտածում են, որ ՀՀ քաղաքացին և ժողովուրդն իրեն բավարարված է զգում Սերժ Սարգսյանի հրաժարականով և ժամանակն է մտածել ՀՀԿ-ի վերարտադրության մասին։

Կարծում եմ՝ այս իրավիճակում պետք է հստակ մեր դիրքորոշումն արտահայտենք, և արձանագրենք, որ իրադարձությունների նման զարգացումը չի կարող մտնել հեղափոխության պլանների ու ծրագրերի մեջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ 2017 թվականի ընտրության օրինակով գիտեն, թե ինչպես են անցնում այդ ընտրությունները։

Նա նշեց, որ իրենք կարող են ակտիվ ձևով բոյկոտել այդ ընտրությունները` շրջափակելով տեղամասերը և թույլ չտալով, որ ՀՀԿ-ն վերարտադրվի։

«Կարծում եմ, որ հեղափոխությունը հստակ ուղերձ է հղել` ՀՀ-ում ՀՀԿ-ն այլևս չի կարող իշխանություն ունենալ։ Սերժ Սարգսյանը հեռացել է, բայց պետք է իշխանությունից զրկվեն նաև հանրապետականները, որ Սերժ Սարգսյանը չկարողանա հանրապետականների միջոցով ստվերից կառավարել իշխանությանը։ Կոչ ենք անում շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, և կարծում եմ՝ ևս մեկ քայլ պետք է արվի` «թավշյա հեղափոխությունն» ավարտին հասցնելու համար»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց այսօր ժամը 11-ից սկսել փողոցների շրջափակումները, դասադուլները, իսկ ինքը հայտնեց, որ այդ ժամին կլինի Հանրապետության հրապարակում։

«Մենք թույլ չենք տա, որ ՀՀԿ-ն փորձի նման գործողություններ իրականացնել, ինչքան շուտ հասկանաք, այդքան լավ բոլորիս համար»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել