Ինչպես ուզում եք, անվանեք երեկվա օրը` պատմական հաղթանակ, անակնկալ, թավշյա հեղափոխություն, ժողովրդական հեղափոխություն, Նիկոլի հեղափոխություն, հրաժեշտ երեք նախագահներին, մերժիր Սերժին, իրադարձությունները զարգանում էին արագ ու չափազանց հստակ: Երբ անցնի էյֆորիան, հարկ է լինելու պատասխանել անխուսափելի հարցերի։

Նախ՝ Սերժ Սարգսյանը մնու՞մ է ՀՀԿ նախագահ: Չնայած նա հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, բայց նա դեռ ՀՀԿ նախագահն է, և ոչ ոք, բացի ՀՀԿ-ականներից, չի կարող պահանջել նրա ևս մեկ հրաժարականը: ՀՀԿ-ն ունի մեծամասնություն ԱԺ-ում և բավարար ձայներ ՀՅԴ-ի հետ, եթե ՀՅԴ-ն ԲՀԿ-ի պես վերջին պահին «չժողովրդականանա», վարչապետ ընտրելու համար վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին: Հարց է առաջանում՝ հնարավո՞ր է, որ «Ելքը» դառնա խորհրդարանական մեծամասնություն, ինչպես ընդունված է Հայաստանում: Մի գիշերում:

Նախկին վարչապետ Սարգսյանի հրաժարականի օրը քչերը նկատեցին, որ երկու իրարամերժ իրադարձություններ եղան․ նախ՝ նախագահ Սարգսյանը վերանշանակեց նախարարներին, որ մնացել էին պաշտոնակատար, հետո ընդունեց կառավարության հրաժարականը: Եթե հիշում եք, կառավարության հրաժարականից հետո 7 օրում ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: ԱԺ-ն վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից 7 օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3 առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով: Հայաստանը այս ճանապարհո՞վ է գնալու արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

Նիկոլը նախօրեին հայտարարում էր, որ ապրիլի 25-ին հանդիպելու է Կարեն Կարապետյանի հետ՝ քննարկելու հետագա քայլերը, սակայն ավելի ուշ այդ հանդիպման անհնարինության և անարդյունավետության մասին հայտարարությամբ հանդես եկան երկու կողմերը: Այստեղ ունենք մի տեսակ քաղաքական նոնսենս: Փողոցում է, փաստացի, հանրության ակտիվ հատվածի զգալի մասը, սակայն իշխանության իրական ղեկավարը խուսափում է հանդիպել՝ պատճառաբանելով անհասկանալի բացատրություններ, կարճ ասած՝ «կրուտիտ»: Սակայն այստեղ ինքնին հասկանալի է` ո՞վ է Նիկոլի կողմից հայտարարված ժողովրդի թեկնածուն: Սահմանադրության հետ հակասություն չկա՞․ վարչապետին ընտրում է ԱԺ մեծամասնությունը, «Ելքը» փոքրամասնություն է:

Հնարավո՞ր է գնալ Սահմանադրության համապատասխան` ՀՀԿ-ն ընտրում է իր վարչապետին անվանական քվեարկությամբ: Նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում ԱԺ-ի ընտրած թեկնածուին: Կառավարության կազմավորումից հետո 20-օրյա ժամկետում վարչապետն ԱԺ է ներկայացնում կառավարության ծրագիրը: ԱԺ-ն կառավարության ծրագրին հավանություն է տալիս 7-օրյա ժամկետում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, եթե հավանություն չի տալիս, Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով:

Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանը երեկ սկսեց իր հեռուստաշոուներում հայտարարել, որ Սերժ Սարգսյանին զանգահարեցին վերևից, որից հետո հրաժարական տվեց: ՌԴ-ը «վերևը» ԱՄՆ-ն է եղել ու մնում: Դա սպասելի էր․ Ռուսաստանի համար աշխարհը սև ու սպիտակ է․ սպիտակն իրենք են, սևը` ԱՄՆ-ը: Նրանք չհասցրին «նարնջագույն հեղափոխություն» տեսնել ՀՀ-ում` վստահ, որ Հայաստանը ոչ մի տեղ իրենցից չի կորչի: Հիմա արդեն հայտարարում են, որ Սարգսյանի վարչապետության գաղափարը Կրեմլն ի սկզբանե սառն էր ընդունել, թեպետ դա այդպես չէ․ թե՛ Մեդվեդևի, թե՛ Պուտինի հակառակը վկայող հայտարարություններն են եղել: Հանուն արդարության` նաև տեսակետներ են հնչում, որ զանգը եղել է ոչ թե ԱՄՆ-ի «շրջկոմից», այլ՝ Կրեմլի «կենտկոմից»:

Սերժ Սարգսյանի խոսքում կար մի կարևոր կետ. նա ընդամենը ասաց, որ ինքը սխալվեց, բայց չասաց` ո՞րն էր սխալը և ե՞րբ էր արել` երբ որոշեց վարչապետ առաջադրվե՞լ, թե՞ երբ որոշեց հրաժարական տալ, թե՞ Կարեն Կարապետյանին Երևան բերելը:

Ի վերջո չի՞ ստացվելու, որ, ինչպես քառյակն իշխանության բերեց Հովիկ Աբրահամյանին, այնպես Նիկոլ Փաշինյանը իշխանության է բերելու Կարեն Կարապետյանին, որ երեկ յուրայինների հետ ավելի բուռն էր տոնում հաղթանակը, քան Նիկոլը: Միանշանակ է, որ ռուսական կապիտալը Փաշինյանին չի հանձնվի (որքան էլ նա հիանա Մարիա Զախարովայի խոսուն հայտարարությամբ), առավել ևս` ռուսական ռազմաբազայի ճակատագիրը:

Քչերը հասկացան, որ հաղթանակը դեռ շատ հեռու է և գալու է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ համակարգի իշխանազրկումից հետո, իսկ համակարգն ընդամենը փոխում է դեմքը: Համակարգի դեմ պայքարում են համակարգ ստեղծելով․ անձնական պայքարով անձի դեմ համակարգին հաղթելը հեքիաթ է, որ շատ հիշեցնում է ռուս Իվանուշկային:

Ի՞նչ ծագում ուներ 14+4=23 ծրագիրը: Միանշանակ է, որ ժողովուրդն իր դերը փայլուն, հավատով ու համոզմունքով կատարեց: Ինչու՞ այդքան հեշտ հեռացավ Սերժ Սարգսյանը, որ 2008-ի մարտի 1-ից հետո էր իշխանության եկել և 10 տարում էլ կատարելագործել էր ցանկացած իրավիճակից դուրս գալու ու հօգուտ իրեն շրջելու հմտությունը: Պատասխանը գիտի Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց նա երբեք չի ասի իր հրաժարականի իրական պատճառը, թեպետ դա վաղուց արդեն գաղտնիք չէ: Բորիս Ելցինն էլ չկա, որ խմի ու անկեղծանա: Փաստորեն, խորհրդարանական կառավարումը Հայաստանում սկսվեց առաջին վարչապետի մեկ շաբաթ միայն պաշտոնավարումով ու հրաժարականով, ինչպես առաջին նախագահինը: Եվ ամեն ինչ սկսվում է նորից ու նորից, իսկ մենք մնում ենք կարուսելի ձիուկներ, որ խորապես համոզված են, թե վազում են իրենց կամքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել