Սամանթա Ռիդ Սմիթը ծնվել է ԱՄՆ-ի Մեն նահանգի Հոուլթոն քաղաքում: Տասնամյա աշակերտուհին «Թայմս» լրագրի հոդվածներից մեկում կարդաց, որ Յուրի Անդրոպովը վտանգ է հանդիսանում ԱՄՆ-ի համար, և նրա գլխավորությամբ Խորհրդային Միությունը կարող է պատերազմ սկսել Միացյալ Նահանգների դեմ: Դրանից հետո Սամանթան մորը հարցրել է. «Ինչու՞ են բոլորը վախենում պարոն Անդրոպովից: Ինչու՞ նրան ոչ ոք չի հարցնում՝ իսկապես պատրաստվու՞մ է հարձակվել մեր երկրի վրա, թե՞ ոչ»: Մայրը կատակով խորհուրդ է տվել դստերն այդ նույն հարցերը տալ հենց պարոն Անդրոպովին:

Սամանթայի նամակը

Սամանթան մոր խորհուրդը լուրջ էր ընդունել և Յուրի Անդրոպովին հետևյալ բովանդակությամբ նամակ էր գրել. «Հարգելի՛ պարոն Անդրոպով: Ես Սամանթա Սմիթն եմ: Տասը տարեկան եմ: Շնորհավորում եմ Ձեզ նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ես շատ եմ անհանգստանում՝ մտածելով՝ միջուկային պատերազմ կսկսվի՞ Խորհրդային Միության և Միացյալ Նահանգների մեջ, թե՞ ոչ: Եթե դեմ չեք, խնդրում եմ, կասե՞ք՝ ինչպես եք պատրաստվում կանխել պատերազմը: Դուք, իհարկե, պարտավոր չեք պատասխանելու այս հարցին, սակայն ես կցանկանայի իմանալ՝ ինչու եք ցանկանում նվաճել ողջ աշխարհը, մասնավորապես՝ մեր երկիրը: Աստված ստեղծել է աշխարհը, որպեսզի մենք բոլորս խաղաղության մեջ ապրենք ու չպատերազմենք: Հարգանքով Ձեր՝ Սամանթա Սմիթ»:

Սամանթայի նամակը ԽՍՀՄ ուղարկվեց 1982 թ. նոյեմբերին, 1983-ին այն հրատարակեցին խորհրդային «Ճշմարտություն» թերթում, իսկ ահա 1983 թ. գարնանը Սամանթան Յուրի Անդրոպովից պատասխան ստացավ: Պատասպան նամակում Անդրոպովը նշել է, որ Սամանթան շատ խիզախ ու անկեղծ աղջնակ է և նման է Բեկիին՝ Մարկ Տվենի հայտնի գրքի հերոս Թոմ Սոյերի ընկերուհուն: Նա աղջկան վստահեցրել է, որ Խորհրդային Միությունում ևս ցանկանում են խաղաղություն և՛ իրենց, և՛ մոլորակի մյուս երկրների համար: Իր նամակի վերջում Յուրի Անդրոպովը Սամանթային հրավիրել է ԽՍՀՄ, որպեսզի աղջիկը տեսնի երկիրը, ծանոթանա հասակակիցների հետ և համոզվի, որ Խորհրդային Միությունում սեր ու խաղաղություն է տիրում:

Ճամփորդություն դեպի ԽՍՀՄ

1983-ի հուլիսին Սամանթան ծնողների հետ ուղևորվեց Խորհրդային Միություն, որտեղ մի քանի շաբաթ անցակցրեց: Ինքը՝ Յուրի Անդրոպովը, ով այդ ժամանակ ծանր հիվանդ էր, չկարողացավ հանդիպել Սամանթային, սակայն նրանք հեռախոսազրույց ունեցան: Զանգվածային լրատվամիջոցները հետևում էին աղջկա այցին: Տուն վերադառնալուց առաջ Սամանթան ժպտալով գոչել է ռուսերենով. «Будем жить!»:

Դեպի ԽՍՀՄ ուղևորությունը Սամանթային ոգևորեց գիրք գրելու, որն այդպես էլ կոչվեց. «Իմ ճամփորդությունը դեպի ԽՍՀՄ»: Գրքում աղջիկը մանրամասնորեն նկարագրել է այն ամենը, ինչ տեսել է իր աչքերով և նշել է. «Նրանք նույնպիսին են, ինչպիսին մենք ենք»: Շնորհիվ Սամանթայի՝ ի հայտ է եկել այնպիսի արտահայտություն, ինչպիսին է «մանկական դիվանագիտությունը»:

Սամանթայի հիշատակը


Դժբախտաբար, Սամանթա Սմիթը մահացավ երիտասարդ տարիքում: 1985 թ. օգոստոսին նա իր հոր հետ միասին վերադարձավ Անգլիայից Ռոբերտ Վագների նկարահանումներից հետո, որտեղ դեր ուներ: Վատ տեսանելիության պատճառով ինքնաթիռը դուրս եկավ թռիչքուղուց և վթարի ենթարկվեց: Մահացան բոլոր ուղևորները՝ երկու օդաչու և վեց ուղևոր:

Մեն նահանգում հունիսի առաջին երկուշաբթին պաշտոնապես նշվում է որպես Սամանթա Սմիթի հիշատակի օր: 1985 թ. հոկտեմբերին Սամանթայի մայրը հիմնեց Սամանթա Սմիթի ֆոնդը, որը զբաղվում էր խորհրդային դպրոցականների ԱՄՆ ուղևորման կազմակերպմամբ: Մոսկվայում էլ հիմնվեց Սամանթա Սմիթի անվան մանկական դիվանագիտության կենտրոնը: 1986 թ. Մեն նահանգի մայրաքաղաք Օգաստում պաշտոնապես բացվեց Սամանթա Սմիթի հուշահամալիրը: Սամանթա Սմիթի անունն են կրում Արտեկի նրբանցքներից մեկը, Կովկասի լեռնագագաթներից մեկը, որոշ ամերիկյան տարրական դպրոցներ ու ԽՍՀՄ-ի նախկին փողոցներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել