ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հետևում է Հայաստանում վերջին իրադարձություններին և ի գիտություն է ընդունել վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:

Նրա փոխանցմամբ՝ Գուտերեշը ողջունում է ծավալվող իրադարձությունների խաղաղ բնույթը և կոչ է անում բոլորին շարունակել զսպվածություն ցուցաբերել և առաջնահերթ նշանակություն տալ երկխոսությանը:

«Հայաստանի համար կարևոր այս ժամանակաշրջանում գլխավոր քարտուղարը կոչ է անում շարունակական հարգանք ցուցաբերել օրենքի գերիշխանության և մարդու իրավունքների, ինչպես նաև Հայաստանում ու տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման նկատմամբ»,- ասված է հայտարարությունում:

Գուտերեշը նաև երկրորդում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը երեկ դիմել է ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչով՝ կանխել շփման գծում լարվածության հնարավոր աճը և ինտենսիվացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, հայտարարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել