Ապրիլի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆինլանդիայի խորհրդարանի Հայաստանի Ազգային ժողովի հետ բարեկամության խմբի պատվիրակությունը՝ Յուհո Էէրոլայի գլխավորությամբ, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտությունը՝ որպես միջպետական փոխգործակցության զարգացմանը նպաստող կարևոր ձևաչափ, բարձր գնահատել Հայաստանի և Ֆինլանդիայի միջև հաստատված բարեկամական հարաբերությունները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Յուհո Էէրոլան նշել է, որ իր ղեկավարած բարեկամական խումբը շարունակելու է ջանքեր գործադրել տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության առավել զարգացման նպատակով։

Հանդիպման օրակարգում էին Հայաստանի և Ֆինլանդիայի օրենսդիր մարմինների պատվիրակությունների փոխգործակցության սերտացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տնտեսական համագործակցության խթանմանն առնչվող հարցեր։

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման համատեքստում մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շուրջ։

Զրուցակիցների խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները:



Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Էդվարդ Նալբանդյանը զրուցակիցների ուշադրությունը հրավիրել է իրավիճակի լարմանը նպաստող Բաքվի գործողությունների՝ մասնավորապես Ադրբեջանի և Արցախի միջև շփման գծում՝ ադրբեջանական կողմից զինուժի, հրետանու և զինտեխնիկայի կուտակումների վրա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել