Tert.am-ը գրում է.

20:46

Նիկոլ Փաշինյանը, դիմելով ժողովրդին, ասաց՝ հեղափոխության առաջին փուլն ավարտված է:

«Ինչպես Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից առաջ ստացա ձեր լիազորությունը, այնպես էլ խնդրում եմ՝ նորից լիազորելու վարչապետի պաշտոնակատարի հետ բանակցելու ժողովրդին իշխանությունը անցնցում փոխանցելու շուրջ»,- ասաց նա՝ ժողովրդի կողմից ստանալով համաձայնություն:

Ելույթների ավարտին իրականացվեց հրավառություն, որից հետո համերգ սկսվեց: 

20:44

Վաղը` ապրիլի քսանչորսին, եթե արտառոց ոչ մի բան չպատահի, մեր գործողությունները նվիրում ենք, տեղավորում ենք օրվա խորհրդի համատեքստում:

Այս մասին հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

«Վաղը առաջարկում ենք ժամը 15:00-ին այստեղից՝ Հանրապետության հրապարակից, իրար հետ քայլենք դեպի Ծիծեռնակաբերդ` մեր նահատակներին ասելու, մեր տառապած, մեր սրի քաշված, տնավեր արված, կոտորված ժողովուրդ` դու այլևս հաղթող ես և դու այլևս անպարտ ես:




20:42

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենց հաջողվել է մեծ տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Հայ ժողովուրդը ցույց տվեց, որ ցեղասպանությունն իր համար անցյալ է, հայ ժողովուրդն այլևս երբեք չի պարտվելու, որովհետև մենք հաղթած, հաղթանակի ժողովուրդ ենք: Մենք մեծագույն տուրք ենք մատուցել Առաջին Հանրապետության հիմնադիրներին և Սարդարապատի հերոսներին: Մենք այս հաղթանակով մեծագույն տուրք ենք մատուցել Ղարաբաղյան պատերազմի զոհերին: Մենք այս հաղթանակով մեծագույն տուրք ենք մատուցել Քառօրյա պատերազմի զոհերին, և մենք այս հաղթանակով մեծագույն տուրք ենք մատուցել 2008 թվականի Մարտի 1-ի զոհերին: Դու հաղթել ես, Հայաստանի ժողովուրդ, և այլևս որևէ մեկը չի կարող քեզնից այդ հաղթանակը խլել»,- ասաց նա:




20:39

Նախկինում մի քանի անգամ հայտարարել եմ, որ մեր քաղաքական այս շարժման` թավշյա  հեղափոխության մեջ աշխարհաքաղաքական ոչ մի կոնտեքստ, ոչ մի դավադրություն գոյություն չունի:

Այս խոսքերով իր ելույթը շարունակեց Նիկոլ Փաշինյանը: «Սա ողնուծուծով, զտարյուն, մաքուր հայկական թավշյա հեղափոխություն է, և որևէ այլ մեկնաբանություն չի կարող լինել, և ես ուրախ եմ, որ աշխարհի տարբեր երկրներ ի գիտություն են ընդունել մեր այս ուղերձը, և հենց այդպես էլ ընկալում են իրավիճակը»,- ասաց նա:

Նա կարևորեց, որ ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը, արձագանքելով Սերժ Սարգսյանի հրաժարականին, ասել է. «Հայաստա՛ն, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»:

«Ես հույս ունեմ, որ նմանատիպ արձագանք կլինի նաև միջազգային հանրության մյուս առանցքային ներկայացուցիչներից»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր յուրաքանչյուր հայի համար տոն է: «Դուք բոլորդ այս տոնը կերտել եք սեփական ձեռքերով, և ես ուզում եմ ասել այն, ինչ ասացի բանտից դուրս գալուց և հրապարակ հասնելուց հետո` ՀՀ ժողովո՛ւրդ, քո ցավը տանեմ»,- ասաց նա:



20:36

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենք պետք է ցույց տան, որ ժողովրդին պատկանող իշխանությունը ի վիճակի է իրավիճակը պահել հարյուր տոկոսով կառավարելի:

«Ես հույս ունեմ, որ դուք էլ համաձայն կլինեք, որ այսօրվա մեր տոնակատարությունը որևէ տհաճ միջադեպով չպետք է նշանավորվի: Այսօրվա մեր տոնակատարությունը պետք է լինի ուրախ, զվարթ, բայց որևէ ծառի ճյուղի վնաս չպետք է հասցվի»,- ասաց նա՝ կոչ անելով զերծ մնալ նաև ալկոհոլի օգտագործումից և հարգալից լինել ոստիկանների նկատմամբ,- միևնույն ժամանակ ակնկալում և պահանջում եմ, որ ՀՀ ոստիկանությունը նույնպիսի հարգանք ցուցաբերի ՀՀ հաղթանակած ժողովրդի նկատմամբ»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս պահից սկսած պետք է զբաղվեն Հայաստանի «շատ մոտ ապագայի կառուցման և իրագործման հարցով»: «Հայաստանի Հանրապետությունը պետք է այլևս լինի ազատ և երջանիկ պետություն: ՀՀ քաղաքացին պետք է լինի ազատ, երջանիկ և բարեկեցիկ: Եվ ես համոզված եմ, որ մենք միասին շատ շուտով կերտելու ենք, իրականություն ենք դարձնելու ազատ և երջանիկ Հայաստանը»,- ասաց նա: 

 

20:34

Ժողովո՛ւրդ ջան, Հայաստանում երկար տարիներ հաստատված է եղել ատելության, վրեժխնդրության, վենդետտայի մթնոլորտ, ես ուզում եմ ևս մեկ անգամ մենք իրար հետ արձանագրենք, որ Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է:

Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` շարունակելով իր ելույթը:

«Ես ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր մտածում են, համարում են, թե այս հեղափոխությունը թշնամական է իրենց նկատմամբ, ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր հիմա ճամպրուկներն են հավաքում կամ մտածում են հավաքելու մասին, ուզում եմ դիմել այն բոլոր քաղաքացիներին, գործարարներին, ովքեր անհանգստություն ունեն քաղաքական այս գործընթացի նկատմամբ և մտածում են, թե սկսվելու է վրեժխնդրություն և վենդետտա:

Հարգելինե՛րս, մի՛ արեք այդ բանը, որովհետև վենդետտա չի լինելու, ատելություն չի լինելու, վրեժխնդրություն չի լինելու, Հայաստանի Հանրապետությունում այս պահից սկսած հաստատվելու է օրինականության, հավասարության, եղբայրության և ազգային միասնականության մթնոլորտ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նաև Արցախի Հանրապետության իշխանություններին, որ նրանք, ի հեճուկս տարածվող ստահոդ լուրերի, այս իրավիճակում պահպանեցին կատարյալ զսպվածություն և չեզոքություն և չտրվեցին սադրանքներին:

Հաջորդը` մենք  վարչապետի հիմա արդեն ժամանակավոր պաշտոնակատարի հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ թավշյա հեղափոխության ձերբակալվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն:

«Ես ակնկալում եմ, որ մեր շարժման բոլոր ձերբակալված ու կալանավորված անդամները մինչև օրվա վերջ, մինչև մեր միջոցառման ավարտը, որից հետո համերգ է լինելու, նրանք բոլորը առանց բացառության պետք է ազատ արձակվեն»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել