Երևանում ու մարզերում առանց որևէ մեկի առաջնորդության իրականացնում են ցույցեր: Դրանք խաղաղ են ու ապակենտրոն: Այս մասին ֆեյսբուքյան էջով հայտարարություն արեց պատգամավոր Լենա Նազարյանը:

«Ես փոխանցում եմ շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ շարունակել բողոքի խաղաղ գործողությունները: Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի ձերբակալվածների պահման վայրում»,- հայտնեց Լենա Նազարյանը:

Նա ասաց, որ ինքն առավոտյան հանդիպել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ: Վերջինս, Լենա Նազարյանի խոսքով, առաջարկում էր նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ իրավիճակին խաղաղ լուծում տալու համար:

Պարոն Բաբլոյանն առաջ քաշեց մի պայման, որ բանակցելու համար չպետք է լինի փողոցի ճնշում, երթերն ու հավաքները չպետք է լինեն, դրանք պետք է դադարեն: Ես ասացի, որ բանակցությունների սեղանի շուրջ նստելու մեր օրակարգը մնում է նույնը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Բացի այդ՝ ես ասացի, որ մեզնից ոչ մեկը չի կարող կոչ անել, որ մարդիկ հեռանան փողոցից: Որևէ մեկը մեր շարժումից չի կարող նման կոչով հանդես գալ»,- ասաց նա:

«Ինչ վերաբերում է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելուն, ապա Լենա Նազարյանն ասաց, որ նման որոշում կայացնելու դեպքում ԱԺ-ն կկատարի մեկ հոգու քաղաքական պատվերը, իսկ դա խայտառակություն կլինի երկրի համար:

Հետաձգվել է ԱԺ նիստը, որը պետք է կայանար այսօր` ժամը երկուսին, պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով: Այսինքն՝ դեռևս նման որոշում չկա, ինչը շատ լավ է: Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել շարժման ղեկավարներին, պատգամավորներին և կոչ եմ անում քաղաքացիներին 19:00-ին հավաքվել հրապարակում: Հաղթանակը շատ մոտ է»,- ասաց նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել