ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը երեկ հանդիպել է ԱԺ «Ելք» խմբակցության ձերբակալված պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին և լիահույս է, որ իր խնդրանքն ինչ-որ բան կարժենա գործընկերների համար:

«Արա Բաբլոյանն այս գիշեր հանդիպել և զրուցել է ձերբակալված պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի հետ։ ԱԺ նախագահն իր գործընկերներին այցելել է, նախևառաջ, որպես բժիշկ, որպես պապիկ, որպես սրտացավ ընկեր։ Արա Բաբլոյանը լիահույս է, որ իր խնդրանքն ինչ-որ բան կարժենա իր գործընկերոջ համար»,- Tert.am–ի հետ զրույցում ԱԺ նախագահի խոսքերը փոխանցեց ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: 

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Արա Բաբլոյանը նպատակ ունի խնդրել ու հորդորել իր գործընկերներին, որպեսզի տեղի ունենան իրական բանակցություններ` իրական բանակցային օրակարգով, բանակցություններ վարելու բնականոն միջավայրում»:


Հատուկ քննչական ծառայությունը երեկ հայտնել էր, որ ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հանցագործության կատարումը կանխելու նպատակով օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ ձերբակալվել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել