Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահի դրությամբ գտնվում են Ոստիկանության բաժիններում, այդ թվում՝ Շենգավիթի։

«Երևանում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից սահմանվել է աշխատանքի արտակարգ գրաֆիկ, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք, ըստ մասնագիտական ուղղությունների, իրականացնում են թե՛ հավաքների շուրջօրյա դիտարկում, թե՛ այցեր՝ կապված հավաքների մասնակիցներին ոստիկանության կողմից մեկուսացնելու փաստերի հետ, և թե՛ ԶԼՄ-ների հրապարակումների ու սոցիալական ցանցերի մշտադիտարկում», - ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև րոպեներ տևած և ձախողված հանդիպումից հետո ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, նշելով, որ պատրաստ է հատուկ միջոցների կիրառմամբ ցրել հավաքը:

Հայտարարությունից րոպեներ անց ոստիկանությունը Սերժ Սարգսյանի դեմ բողոքի ցույցերը առաջնորդող ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին «հարկադրաբար հեռացրեց» հավաքի վայրից, բերման ենթարկեց ցուցարարներին։

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, «Ազատությանը» փոխանցեց, որ պատգամավորն այժմ գտնվում է Ոստիկանության Շենգավիթի բաժնում և ենթադրություններ ունի, որ այնտեղ են գտնվում նաև Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել