34-ամյա Էմի Գոդենը արդեն 20 տարի է, ինչ տառապում է պսորիազով։ Չնայած ավելի ճիշտ կլինի ասել, որ թեև նրա մոտ այժմ էլ առկա է այդ հիվանդությունը, այնուամենայնիվ նա վաղուց այլևս չի տառապում։

Մաշկային այս հիվանդության առաջին հետքերն առաջացան, երբ Էմին 14 տարեկան էր։ Սկզբում դրանք նրա մարմնի վրա էին, սակայն երբ սկսեցին տարածվել՝ հայտնվելով անգամ նրա դեմքի վրա, Էմիի կյանքը վերածվեց իսկական մղձավանջի։

«Ատում էի ինքս ինձ, չէի ցանկանում հայելու մեջ ինձ տեսնել։ Չգիտեի՝ ինչպես և ուր թաքցնեմ դեմքս, որպեսզի ոչ ոք չտեսնի»,-պատմում է Էմին։

Վերջին 20 տարիների ընթացքում նա բազմաթիվ փորձությունների միջով է անցել։ Բազմիցս ծաղրանքի է ենթարկվել, նվաստացվել․․․ «Հագուստով ծածկում էի մարմնիս հնարավոր բոլոր մասերը, բայց չգիտեի ինչ անել դեմքիս հետ։ Բազմաթիվ գեղեցկության սրահներ եմ այցելել՝ փորձելով շպարով ծածկել պսորիազի հետքերը, սակայն ապարդյուն»։

Բայց վերջերս Էմի Գոդենը հրաժարվել է իր մաշկը տարբեր կերպով ծածկելուց․ նա որոշել է հանրությանը ներկայանալ ճիշտ այնպես, ինչպիսին որ կա։

«Այլևս չեմ ամաչում․ ինչո՞ւ պետք է ամաչեմ։ Ես այնպիսին եմ, ինչպիսին որ կամ։ Թաքցնելու ոչինչ չունեմ»։

34-ամյա կնոջ սոցցանցերն այժմ ողողված են նրա՝ իրական արտաքինով լուսանկարներով, որոնցում պարզ երևում են պսորիազի հետքերը։ Էմին հիմա ևս մի նպատակ ունի․ նա կոչ է անում պսորիազով հիվանդ բոլոր մարդկանց չամաչել իրենց արտաքինից, վստահ ու հպարտորեն ապրել, քանի որ ոչ ոք չի կարող նվաստացնել մյուսի արժանապատվությունը, հատկապես՝ նրա արտաքինի պատճառով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել