Yerkir.am-ը գրում է.

Ողջունում ենք վարչապետի կոչը՝ անհապաղ երկխոսություն և բանակցություններ սկսելու վերաբերյալ. դա Դաշնակցության առաջադրած ճանապարհին համահունչ է:

Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ վարչապետը հայտարարությամբ է հանդես եկել, որում նշված է, որ խորապես մտահոգված է ծավալվող ներքաղաքական զարգացումներով եւ անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ է անում Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ. դա պետք է անել անհապաղ: Ըստ Համբարձումյանի, երկխոսության ճանապարհը կկանխի Հայաստանում ծավալված հետագա սրացումները, որոնք կարող են ծանր հետևանքների հանգեցնել մեր ժողովրդի և պետության համար:

«Քաղաքական ողջամտությունն ու երկխոսությունը այն դուռն են, որ ժողովրդի դժգոհության ու երկրի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրների լուծման համար կարող են իրական ճանապարհ հարթել: Համատեղ քաղաքական քննարկումների արդյունքում հնարավոր է ժողովրդի հրապարակ դուրս գալու խորքային և հիմնական պատճառները լուծել առավել անվտանգ ու անցնցում ճանապարհով:

Այս հեռանկարը մենք իրական ենք համարում: Պահը զգայուն է և լի բազմաթիվ ներքին և արտաքին վտանգներով ու ռիսկերով. խոհեմությունը թելադրում է բանակցել՝ առանց վերջնագրերի ու նախապայմանների և համախոհությամբ առաջ բերել իրական, հստակ և ժամկետներով ամրագրված քաղաքական օրակարգ, որը կբխի մեր ժողովրդի և պետության շահերից, դուռ կբացի իրական և արագ տեսանելի փոփոխությունների համար »,-ասաց Արսեն Համբարձումյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել