Մեղադրական եզրակացությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկվել 2018 -ի մարտի 10-ի երեկոյան Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում, ՀՀ կենտրոնական բանկի դիմաց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով կատարված մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։

Նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում 2018 թվականի մարտի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի, 244-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

2018 թվականի մարտի 13-ին, որպես վրաերթ կատարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն է ներկայացել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ, 1992թ.-ին ծնված Ժ. Վ.-ն: Նույն օրը նա ձերբակալվել է և կասկածյալի դատավարական կարգավիճակում տվել խոստովանական ցուցմունք: 

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար փաստական տվյալների համակցությամբ հիմնավորվել է, որ Ժ.Վ-ն 2018 թվականի մարտի 10-ին՝ ժամը 20:55-ի սահմաններում, իրեն վստահված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, երկու ուղևորով, երթևեկել է Երևան քաղաքի Վ.Սարգսյան փողոցով՝ Մ. Խորենացի փողոցի կողմից դեպի Հանրապետության հրապարակի ուղղությամբ: Այդ ընթացքում ավտոմեքենան վարել է երթևեկելի կենտրոնական գոտով, շուրջ 60կմ/ժ արագությամբ, մոտակա լույսերը միացված վիճակում:

Չհասած Վ. Սարգսյան և Դեղատան փողոցների խաչմերուկին՝ նա կատարել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, այսինքն չի զիջել խաչմերուկից հետո գտնվող, չկարգավորվող հետիոտնային անցումներով երթևեկելի մասը հանգիստ քայլերով հատող հետիոտն Մարիա Գրիգորյանին: Դրա հետևանքով ավտոմեքենայի առջևի ձախ մասով վրաերթի է ենթարկել վերջինիս, անզգուշությամբ նրան պատճառել է մահ, որից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել:

2018 թվականի մարտի 26-ին Ժ. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 

2018 թվականի ապրիլի 20-ին նախաքննություն իրականացրած քննիչի կողմից ստացվել է քրական գործով մեղադրական եզրակացությունը, որը հաստատվել է գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից և ուղարկվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել