Tert.am-ը գրում է.

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը վարչապետ Սերժ Սարգսյանի՝ թոշակների բարձրացման մասին հայտարարության և նախկին կառավարության հայտարարությունների մեջ հակադրություն չի տեսնում: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե նախորդ Կառավարությունը չի հայտարարել, որ առաջիկա մի քանի տարիներին թոշակների ու աշխատավարձերի բարձրացում չի լինի: Նրա խոսքով՝ կառավարությունն ասել է, որ 2018թ.-ն պետք է լինի հնարավորություններ ստեղծելու տարի:

«Հայտարարվել է, որ որպեսզի մենք կարողանանք տևական ժամանակ, առանց արտաքին պարտքի վրա հույս դնելու, սեփական հզորությունների, կարողությունների միջոցով ապահովել սոցիալական խնդիրների, պարտավորությունների կատարում՝ աշխատավարձի, կենսաթոշակների բարձրացում, մեզ հարկավոր է, որ 2018թ.-ն օգտագործվի, որ նման հնարավորություններ ստեղծվեն:

Բյուջետային քննարկումների ժամանակ արձանագրել ենք այս մոտեցումը, որ 2018թ.-ի ընթացքում օգտագործվեն ներդրումային կարողությունները, հարկունակ ոլորտներում ձևավորենք այնպիսի իրավիճակ, որ նպաստավոր պայմաններ ստեղծվեն հարկային եկամուտների ավելացման, այս ճանապարհով աշխատավարձների և կենսաթոշակների բարձրացման համար: Սա ընդհանուր մարտավարությունն է»,- ասաց նա:

Հարությունյանը նկատեց, որ միջնաժամկետ ծախսային ծրագրում, որն ընդգրկում է 2018-2019 թթ.-երը, արձանագրված է, որ կառավարությունը զերծ կմնա սոցիալական նպատակներով արտաքին պարտքը մեծացնելու քաղաքականությունից, որը նախկինում ՀՀ-ն արել է, և արտաքին պարտքը կօգտագործվի կապիտալ ներդրումների, այսինքն՝ կապիտալ ծախսերի առաջանցիկ կատարման ուղղությամբ, և դրանով իսկ հարկունակ ոլորտներում իրավիճակ կբարելավվի, որի արդյունքում հարկային եկամուտները կավելանան: Խոսրով Հարությունյանը ենթադրում է, որ վարչապետ Սերժ Սարգսյանը խոսել է այս տրամաբանությունից ելնելով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել