Երբ Եգիպտոսում սկսվեց Թահրիրը, այնտեղ հավաքվել էր ազգի «սերուցքը»՝ հիմնականում երիտասարդ, լավ ընտանիքներից, պրոգրեսիվ հայացքներով, դրսերում սովորած, ուսանողներ և այլք։ Նրանք մեկ պահանջ ունեին․ հոգնել էին Մուբարաքի ռեժիմից ու անձամբ Մուբարաքից, պահանջում էին նրա հրաժարականը, ընտրություններ ու անհապաղ փոփոխություններ։ Եղավ հեղաշրջում, Մուբարաքը տապալվեց, ռեժիմն անկում ապրեց, բայց իշխանության եկան ոչ թե լուսավոր ու կիրթ երիտասարդության ներկայացուցիչները, այլ՝ Եղբայր մուսուլմանները, որոնք շատ երկրներում համարվում են ահաբեկչական կազմակերպություն։ Բանը հասավ նրան, որ պատմության մեջ աննախադեպ բան գրանցվեց, երբ Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի անմիջական աջակցությամբ եղավ նոր հեղաշրջում՝ ռազմական, և այժմ Եգիպտոսում իշխում է ռազմական խունտա, որի համեմատ Մուբարաքի ռեժիմը դրախտ կարող է թվալ։ Սա, իհարկե, նրանից է, որ եգիպացիք տուպոյ մեռնում էին ու ատում էին իրենց երկիրը։

Երբ Լիբիայում սկսվեց հեղափոխական շարժումը, այն կրկին սկսվեց միանգամայն աշխարհիկ հայացքներով ու բարեկեցիկ կյանքին սովոր երիտասարդ լիբիացիների ակցիաներից։ Նրանք էլ պահանջում էին բռնապետ Քադաֆիի անհապաղ հրաժարականն ու դեմոկրատական ընտրություններ։ Այլ հարց է, որ ամեն ինչ վերջացավ քաղաքացիական պատերազմով ու օտարերկրյա ինտերվենցիայով։ Ռեժիմը տապալվեց, Քադաֆին սպանվեց։ Լիբիան այժմ դե ֆակտո բաժանված է երեք մարտնչող մասերի, որոնցում իշխանությունը ռադիկալ կրոնական կազմակերպությունների ու ռազմականացված միավորների ձեռքում է։ Սա էլ, իհարկե, նրանից էր, որ լիբիացիք տուպոյ սատկում էին ու տանել չէին կարողանում իրենց հայրենիքը։

Ուկրաինայում ամեն ինչ սկսեց ԵՄ հետ ասոցացում ստորագրելու պահանջից, հետո պահանջները փոխվեցին, ու ցուցարարները սկսեցին պահանջել անձամբ Յանուկովիչի ու նրա օլիգարխների հրաժարականներն ու նոր ընտրություններ։ Էլի լուսավոր երիտասարդություն էր ու ազգի սերուցքը, իսկ մարգինալներ եթե կային էլ, ապա մեծամասնություն չէին։ Մարդիկ վստահ էին, որ, ով էլ լինի, Յանուկովիչից ու նրա կառուցած պետական համակարգից վատը չի լինելու։ Եղավ Մայդանը, Յանուկովիչը փախավ, Ռուսաստանը խլեց Ղրիմն ու Դոնբասսի մի մասը, իշխանության եկավ Յանուկովիչի իշխանության մաս կազմած օլիգարխներից մեկը, քաղաքացիական պատերազմում զոհվեցին տասնյակ հազարավոր մարդիկ, մարդկանց կենսամակարդակն ավելի վատացավ, օլիգարխիան ավելի հզորացավ։ Սա էլ, իհարկե, միայն ու միայն նրանով էր պայմանավորված, որ ուկրաինացիք տուպոյ ու անհայրենիք զանգված են։

Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք, իհարկե, խիստ խոհեմ ենք, խիստ հայրենասեր, ամբոխի բնազդին երբեք չենք տրվում ու հաստա՛տ ավելի վատ լինել չի կարող, Մայդաններից էլ ապահովագրված ենք։ Ինչո՞ւ, фиг его, թե ինչու, կարևորը, որ բոլորս հավատում ենք դրան։

Այ հիմա կարող եք հոշոտել, բայց ցանկալի է, հոշոտելուց բացի, ինձ հուշեք՝ էդ իռացիոնալ վստահությունն ինչներիդ վրա է հիմնված։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել