Այսօրվա ընթացքում ոստիկանությունը տարածել է չորրորդ պաշտոնական հայտարարությունը՝ հորդորելով դադարեցնել  «հակաիրավական գործողությունները»: Հայտարարության մեջ ասված է.

«Ապօրինի հավաքների որոշ մասնակիցների կողմից մայրաքաղաքում շարունակվող հակաօրինական գործողությունները տարատեսակ և գնալով առավել վտանգավոր բնույթ կրող դրսևորումներ են ստանում:

Ահազանգեր են ստացվում, այդ թվում նաև զանգվածային լրատվության միջոցներից, Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիների կողմից միմյանց նկատմամբ բռնություն գործադրելու, ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու, նրանց իրավաչափ գործողություններին խոչընդոտելու վերաբերյալ:

Այս դրսևորումներն ակնհայտորեն վկայում են, որ ապօրինի հավաքների կազմակերպիչների կողմից քաղաքացիներին և երթևեկության մասնակիցներին ուղղված՝ հակաիրավական գործողություններ կատարելու կոչերը հանգեցրել են ներհասարակական լարվածության խորացման, ապօրինի հավաքին մասնակցող քաղաքացիների կողմից ոստիկանների նկատմամբ անհանդուրժողկանության մթնոլորտի ստեղծման:

Նման իրավիճակը սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կյանքի և առողջության համար, վտանգում հասարակական անվտանգությունը:

Կրկին անգամ հիշեցնելով, որ վերոնշյալի անցանկալի բոլոր հետևանքների պատասխանատվությունը կրում են անօրինական հավաքների կազմակերպիչները՝ նրանց կոչ ենք անում անսալ ՀՀ ոստիկանության հորդորներին և դադարեցնել հակաիրավական գործողությունները»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել