Yerkir.am-ը գրում է.

Այն, ինչ կատարվում է այս օրերին հանրապետությունում, ունի օբյեկտիվ հիմք` սոցիալական չլուծված խնդիրներ, անարդարություն. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ պատգամավորի` ակնհայտ է, որ այստեղ այլևս քաղաքական լուծումներ են պետք, և հիմա քայլ անելու հերթը իշխանությանն է:

Անդրադառնալով ՀՅԴ առաջարկին, որ ստեղծված իրավիճակում ճիշտ կլինի խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը ՀՀ նորընտիր նախագահի հովանու ներքո ստեղծեն քաղաքական խորհրդակցությունների հարթակ, Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ն միշտ կողմ է եղել քաղաքական երկխոսություններին: «ԲՀԿ-ն միշտ կողմ է եղել քաղաքական երկխոսության, բայց ես` որպես պատգամավոր Նաիրա Զոհրաբյան, ուզում եմ հասկանալ` երկխոսության օրակարգը ո՞րն է լինելու: Ըստ էության` կողմերը պատրաստ չեն որևէ զիջման: Կողմերը պետք է ներկայացնեն կոնկրետ օրակարգ, թե ինչ են պատրաստ իրենք անել, և առաջին քայլը հիմա պետք է անի իշխանությունը»,- ասաց պատգամավորը: 

Դիտարկմանը` նախագահ Սարգսյանն արդեն իսկ ողջունել է ՀՅԴ առաջարկը և նշել, որ միակ լուծումը ստեղծված իրավիճակում երկխոսությունն է, Զոհրաբյանն արձագանքեց. «Նախագահ Սարգսյանը պետք է ասի` ինչ է պատրաստ առաջարկել իշխանությունը: Կներկայացնեն օրակարգ, կմտածենք երկխոսելու մասին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել