Tert.am-ը գրում է.

00։10

Հանրապետության հրապարակում քիչ առաջ ավարտվեց ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության անցկացվող երթը:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քաղաքացիներն անցել են Մաշտոցի պողոտայով, Սայաթ Նովա և Աբովյան փողոցներով, ապա վերադարձել են Հանրապետության հրապարակ, որտեղ մինչ այդ տեղի ունեցավ հանրահավաք:

Պատգամավորը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ վաղը առավոտյան 11:00-ից Նոր Նորքի 7-րդ զանգվածից սկսվում է երթ:


22։55

Հանրապետության հրարակում անցկացված հանրահավաքից հետո ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող շարժումը պատրաստվում է երթ անցկացնել:

Մինչ այդ ելույթ ունեցավ, ողջւյնի խոսքով հանդես եկավ դերասանուհի Լալա Մնացականյանը: Նա նշեց, որ 30 տարի առաջ իրենք էին պայքար սկսել, այսօր էլ՝ երիտասարդները:

«Նայելով ձեզ, ես հասկանում եմ, որ մենք մեր կյանքն իզուր չենք ապրել»,- ասաց Լալա Մնացականյանը:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հազարավոր քաղաքացիներ սկսեցին մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով երթ իրականացնել:


22։50

Քաղաքացիական անհնազանդության վաղվա բոլոր գործողությունները սկսվում են 11:00-ից:

Այս մասին Հանրապետության հրապարակից հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Երթը՝ նրա գլխավորությամբ, կմեկնարկի Նոր նորքի 7-րդ զանգվածից:

«Բոլոր ինքնաբուխ ակցիաները շարունակվում են՝ ավելի լայն թափով: Արեք նույն գործողությունները»,- դիմելով քաղաքացիներին կոչ արեց Նիկոլ Փաշինյանը:


22։27

Մեր խնդիրը ներհայաստանյան թշնամության էջը փակելն է: Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Որևէ մեկը թող չմտածի, թե կարող է անպատիժ հարձակումներ գործել Հայաստանի ազատ ու անկախ քաղաքացու նկատմամբ»,- ասաց պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանը ավելացրեց. «Ես օդում բառեր ասող չեմ, ինձ լավ եք ճանաչում»:

Ըստ նրա՝ երկրի ապագայով չեն կարող ավելի մտահոգ լինել, քան մայրերը, քույրերը դուստրերը: «Խոնարհվում եմ բոլորիդ առաջ»,- ասաց Ն. Փաշինյանը:

Նա պատմեց, որ ավտոմեքենաների ձայնային ազդանշաններ տալու ակցիայի ժամանակ ինքը ականատես է եղել մի դրվագի, երբ ավտոմեքենայի վարորդը ազդանշան չի արել, բայց հետևի նստատեղից հղի կինն է ձեռքը առաջ տարել ու ազդանշան տվել:


21։50


Ի՞նչ երկխոսություն, ուշ է: Դիմելով Հայաստանի իշխանություններին հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Поезд ушел»,- նշեց Փաշինյանը: Բայց սա, պատգամավորի խոսքով, չի նշանակում, թե իրենք պատրաստ չեն որևէ քննարկում ունենալ: 

«Մենք պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամկետներն ու դրա հետ կապված որոշ պայմաններ: Ես պատրաստ եմ ասել, կարծում եմ, կհամաձայնեք դրա հետ, որ մենք ընդհանրապես վրեժխնդրություններ չենք ուզում»,– ասաց նա՝ ավելացնելով, որ եթե Սերժ Սարգսյանը օր առաջ հրաժարական տա, ապա դա միայն ու միայն օգուտ կբերի նրան ու Հայաստանի Հանրապետությանը: 

«Ես ուզում եմ խոսել նաև այն մասին, թե կոնկրետ ինչպես ենք մենք պատկերացնում հետագա քաղաքական զարգացումները՝

1. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից

2. Ազգային ժողովը վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին

3. Ձևավորվում է ժամանակավոր կառավարություն

4. Հայաստանի օրենսդրությամբ վարչապետ նշանակվելուց 20 օր հետո ԱԺ-ն պետք է հավանություն տա կառավարության ծրագրին: 

Երբ ձևավորվի ժամանակավոր կառավարություն քաղաքական պայմանավորվածության համաձայն Ազգային ժողովը չի ընդունում կառավարության ծրագիրը, ինչից հետո իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- մանրամասնեց Ն. Փաշինյանը:

Պատգամավորն ասաց, որ այս ծրագրի կետերն իրենք պատրաստ են քննարկել ՀՀԿ ներկայացուցիչների հետ, որպեսզի ապահովեն իշխանության անցնցում փոխանցումը ժողովրդին: «Բայց այստեղ կա մի կարևոր նախապայման, որ տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները որևէ մեկի կողմից կասկածելի պիտի չլինեն, դա պետք է լինի 100 տոկոսով մաքուր ու ազատ ընտրություն,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

21։41


Իշխանությունը պատկանում է Հայաստանի ժողովրդին: Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: 

Նա մեջբերեց ՌԴ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը, որ իրենք վստահ են, որ «Հայաստանում ստեղծված իրավիճակը կկարգավորի ժողովրդավարական ճանապարհով, իրավական դաշտում»: 

«Սա չափազանց կարևոր հայտարարություն է: Սերժ Սարգսյանը կորցնում է նաև Ռուսաստանի աջակցությունը»,– ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս պայմաններում ծիծաղելի է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը երկխոսության կոչ է անում: «Իշխանությունն այլևս անվերադարձ պատկանում է Հայաստանի ժողովրդին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել