operativ.am-ը գրում է

Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում վերջին օրերին իրականացվող բողոքի ցույցերին:

BBC-ն, The New York Times-ը, Euronews-ը, Aljazeera-ն, Washngton Post-ը և բազմաթիվ այլ հեղինակավոր լրատվամիջոցներ իրենց հրապարակումներում և լրատվական թողարկումներում ներկայացնում են Հայաստանի ներքաղաքական զարգացումները՝ վերլուծելով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և դրա պատճառները: Մասնավորապես նշում են, որ Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ շարունակում են զանգվածային բողոքի ցույցեր և անհնազանդության ակցիաներ անցկացնել վերջին օրերին, գրում են նշված և մյուս ԶԼՄ-ները`արձանագրելով, որ Երևանում, Գյումրիում և Հայաստանի այլ քաղաքներում տեղի ունեցող ցույցերն ուղղված են Հայաստանի նախկին նախագահ և նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի դեմ:BBC-ն և The New York Times-ը անդրադարձել են նաև Նիկոլ Փաշինյանի «առանց բռնության, թավշյա հեղափոխություն» իրականացնելու հայտարարությանը, վերջին օրերին բերման ենթարկված մոտ 60-80 քաղաքացիներին և վկայակոչելով Հայաստանյան ԶԼՄ-ներին՝ ցույցերը ցրելու և ցուցարարների հանդեպ ուժ կիրառելու մասին ոստիկանության զգուշացումներին:

Ըստ Washngton Post-ի՝ Հանրապետության հրապարակում կայացած բողոքի ցույցին չորեքշաբթի օրը մասնակցել են մոտ 15 հազար քաղաքացիներ:

Life news-ի փոխանցմամբ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է,որ Մոսկվան հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին:

«Մենք հետևում ենքՀայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և որ ամենակարևորն է, հուսով ենք, որ այդ ամենը տեղի է ունենում օրինականության շրջանակներում», – ասել է Պեսկովը:

Ռուսական RT-ն հրապարակել է ՀՀ կառավարության գլուխ նշանակվելու կապակցությամբ Սարգսյանին ուղղված Պուտինի շնորհավորական ուղերձը, իսկ Sputnik-ը ևս մեկ յուրահատուկ հոդված է հրապարակել՝ «Գունավոր հեղափոխություն» կամ .. Ով է իրականում կանգնած Նիկոլ Փաշինյանի հետևում» խորհրդավոր վերնագրով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել