Չմեղադրեք քաղաքական հայտարարություն տարածելու մեջ․ ինչ որ գրելու եմ, հեռու է քաղաքականությունից:
Ինչ սկսվել է ակցիան, լսում ենք՝ ոստիկանը մերն է, անցեք մեր կողմը, ոստիկանը մեր եղբայրն է: Դե որ ոստիկանը ձերն է, ուրեմն՝ հորդորեք, որ մայրն իր մի քանի ամսական երեխային չդարձնի վահան՝ ճանապարհը փակելով: 
Եթե ոստիկանը պահանջում է բացել ճանապարհը, ուրեմն՝ պետք է երեխայի հետ հեռու գնալ, ոչ թե քարոզչական տեխնոլոգիաների կիրառմամբ տարածել, թե՝ տեսաք՝ ինչ արեց ոստիկանը երեխային և նրան մորը:
Եթե ոստիկանը ձերն է, ուրեմն՝ հագեք ոստիկանի համազգեստ և նրա հետ ծառայություն իրականացրեք:
Եթե ոստիկանը ձերն է, էլ երբեք մի առաջարկեք անցնել ձեր կողմ, քանի որ ոստիկանն ունի իր պարտականությունները՝ նախատեսված օրենքով: Նույն ոստիկանը պաշտպանում է նաև ձեր անվտանգությունը: Եթե ես լինեի ակցիայի կազմակերպիչ և իմ առաջարկով որևէ ոստիկան իր համազգեստը և ուսադիրը վայր դներ և, այսպես ասած, անցներ ցուցարարների կողմը, հոգուս խորքում այդ ոստիկանին կհամարեի դավաճան: Ուրեմն՝ մի փորձեք նման առաջարկներով վիրավորել ձեր ոստիկանին: Սա մի պետություն է, և ոստիկանն այս պետության ծառայողն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել