Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները հայտարարություն են տարածել Հայաստանում ընթացող վերջին քաղաքական զարգացումների վերաբերյալ՝ կարևորելով, որ «ներգրավված բոլոր կողմերը շարունակեն դրսևորել զսպվածություն և պատասխանատվություն»:

Հայտարարությունում նշվում է, որ Եվրոպական միությունը ուշադրությամբ հետևում է Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում տեղի ունեցող զարգացումներին:

«Համաձայն օրենքի՝ քաղաքացիներն ունեն խաղաղ հավաքների ազատության իրացման օրինական իրավունք: Պետական մարմինները պարտավորություն ունեն ապահովելու հանրային անվտանգությունը և առողջապահությունը օրենքի արդար և համաչափ կիրառման միջոցով: Կարևոր է, որ ներգրավված բոլոր կողմերը շարունակեն դրսևորել զսպվածություն և պատասխանատվություն», - ասված է հայտարարությունում:

Արձանագրելով, որ «Սահմանադրական բարեփոխումների արդյունքում» Հայաստանը ապրիլի 9-ին անցում կատարեց խորհրդարանական համակարգի, իսկ արդեն ապրիլի 11-ին Ազգային ժողովը միաձայն վավերացրեց Հայաստանի և Եվրոպական միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը՝ Եվրամիությունը վստահություն է հայտնում, որ Հայաստանի կողմից նոր ջանքեր կգործադրվեն «բարեփոխումների ընդգրկուն գործընթացի իրականացման՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության ներառյալ դատաիրավական համակարգի ամրապնդման ուղղությամբ» և պատրաստակամություն է հայտնել «շարունակել համագործակցությունը պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության հետ՝ աջակցելու Հայաստանի կողմից ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների իրականացմանը ի շահ քաղաքացիների»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել