Tert.am-ը գրում է.

00.47

Ֆրանսիայի հրապարակում մի խումբ քաղաքացիներ փակել են Մոսկովյան փողոցը: Նույն վայրում կանգնած են նաև ոստիկաններ, սակայն նրանք չեն մոտենում երթևեկությանը խանգարող քաղաքացիներին:

00.31

Ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ մի շարք քաղաքացիներ Մաշտոցի պողոտայում վնասել են քաղաքային գույքը՝ ջարդել նստարաններ, լուսացույցներ և այլն:

00.15

Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Տասնյակ ոստիկաններ են ժամանել տարածք: Ականատեսները պնդում են, որ ոստիկանները, ինչպես նաև քաղաքացիական հագուստով անձինք ծեծի են ենթարկել քաղաքացիներին: 

22.33

Քայլերթն ամփոփվեց վերադարձով Հանրապետության հրապարակ: Նիկոլ Փաշինյանը, դիմելով հավաքվածներին, շնորհակալություն հայտնեց նրանց և հիշեցրեց․ «Վաղը ժամը 10-ից սկսվում է տոտալ բլոկադայի գործողությունը»:


21.39

Առաջիկա օրերին մենք կձևավորենք ՀՀ-ում ժողովրդական, թավշյա հեղափոխության կոմիտե, որը կղեկավարի այս շարժումը:

Հանրահավաքային իր ելույթում նման հայտարարություն արեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս շարժումը կհասնի հաղթական ավարտի: Նրա խոսքով՝ հեղափոխական կոմիտեներ կստեղծվեն նաև հանրապետության մյուս մարզերում:

«Մենք ավելի կազմակերպված ձևով կիրականացնենք պետական գերատեսչությունների շրջափակումները: Շատերը հարց են տալիս, թե որն է լինելու իշխանափոխության մեթոդաբանությունը, այսօր ասում եմ՝ շատ պարզ ձևով, քանի որ ՀՀ գերատեսչությունները պետք է կատարեն ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ ժողովրդի կողմից ձևավորված հեղափոխական կոմիտե, այդ թվում՝ նաև ոստիկանությունը»,- ասաց նա:

Փաշինյանը շեշտեց, թե վաղն առավոտվանից մարզերում և գյուղերում սկսում է  պետական գերատեսչությունների շրջափակումը: Վերջինս հայտարարեց, թե իշխանավորները պետք է անցնեն իրենց սահմանած անցակետերով:

Այժմ Նիկոլ Փաշինյանը երթ է անում մայրաքաղաքի փողոցներով: Նրա խոսքով՝ իրենք երթն իրականացնում են ժամը 21:00-ի շրջակայքում, քանի որ տեղեկություններ կան, թե ՀՀԿ-ականները Երևանից հեռու տեղում նշում են Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելը:

«Այսօր ՀՀ-ի և նրա քաղաքացիների ազատագրման օրն է: Կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ ՀՀ-ը, կեցցե՛ ՀՀ քաղաքացին, կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են ազատ, անկախ և երջանիկ Հայաստանում»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս հայտարարեց, որ այս գիշեր հրապարակներում չեն մնա, որովհետև ցանկացած հրապարակ առավոտյան կգան ու կդարձնեն իրենցը: Իսկ ինչ վերաբերում է քայլերթի մայրուղուն, Նիկոլ Փաշինյանը մանրամասները չներկայացրեց՝ մարտավարությունը չբացահայտելու համատեքստում:

Քայլերթը մեկնարկեց: 

21.28

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նկատեց՝ գուցե այսօր շատերն ասեն, որ ահա, ոչինչ չփոխվեց, Սերժ Սարգսյանը վերստին իշխանության առաջին դեմքն է:

«Բայց ես պատասխանատու հայտարարում եմ, որ ամեն ինչ փոխվել է, որովհետև այսօր Սերժ Սարգսյանը չունի հպատակ ժողովուրդ, Սերժ Սարգսյանը չունի կառավարելու ժողովուրդ, և Հայաստանի Հանրապետության քաղաքացին չունի Սերժ Սարգսյան անունով վարչապետ»,- ասաց նա:

Նրա դիտարկմամբ՝ այսօր Հանրապետության հրապարակում տեղի է ունենում ՀՀ անկախության պատմության մեջ տեղի ունեցած ամենաբազմամարդ հանրահավաքը․ «Դուք եք կերտել այս օրը»,- դիմելով հավաքվածներին՝ ասաց նա:

Նա ներկայացրեց նաև Հանրապետության հրապարակ հանրահավաքը տեղափոխելու պատճառը: «Մենք տեղափոխվել ենք Հանրապետության հրապարակ՝ ցույց տալու համար, որ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի, ՀՀ քաղաքացին գոյություն ունի, և Հանրապետության ամենամեծ հրապարակը լեցուն է ընդդեմ Սերժ Սարգսյանի և ընդդեմ Հանրապետական կուսակցության»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրեն զանգում են շատերը՝ հատկապես Սփյուռքից։ «Զանգում են մարդիկ՝ լացակումած, արտասվելով և ասում են՝ մի ասեք, որ սա շարժում է Սերժ Սարգսյանի դեմ, որովհետև սա հայ ժողովրդի երկրորդ զարթոնքն է: Եվ այս զարթոնքը պետք է փոխի Հայաստանը, այս զարթոնքը պետք է փոխի մեր երեխաների ապագան, այս զարթոնքը պետք է փոխի իշխանությունը Հայաստանում»,- ասաց նա:

ԱԺ պատգմավորը պատմեց, որ երեկվանից, երբ հաղթահարեց Բաղրամյան պողոտայի փշալարերը, բազմաթիվ մարդիկ գալիս և ասում են, որ գիտեն մեթոդները փշալարերը հանելու և պոկելու:

«Ես այսօր ամբողջ օրվա ընթացքում մտածում էի այդ մասին, և եկա եզրակացության , որ ընդհակառակը, այդ փշալարերը պետք է ամրացվեն, և այդ փշալարերի հետևում Սերժ Սարգսյանը պիտի գնա գործի և հետո վերադառնա տուն: Սերժ Սարգսյանը Հայաստանը պետք է տեսնի այդ փշալարերի հետևից»,- ասաց նա:

Այսօրվա գործողություներն էլ վերլուծելով՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ շատերը գուցե հարցնեն, թե ինչ տեղի ունեցավ, որ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց: «Տեղի ունեցավ շատ պարզ մի բան: Երբ մենք որդեգրեցինք ցանցային գործելակերպը՝ որպես Սերժ Սարգսյանի դեմ պայքարի մեթոդ, մեզ միացան տասնյակ հազարավոր մարդիկ: Սա նշանակում է, որ մենք գտել ենք այն մեթոդը, որով պետք է ծնկի բերենք Սերժ Սարգսյանին և Հանրապետական կուսակցությանը»,- ասաց նա:

«ԱԺ» պատգամավորը բացատրեց ցանցային մեթոդի գործելակերպը` պետք է յուրաքանչյուրն ինքնակազմակերպվի և դառնա իր առաջնորդը, քաղաքական ուժերն ու անձերը չեն կառավարելու գործընթացը:

«Ուզում եմ ավելի վստահ, ավելի ամուր հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունում սկսել է ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն, և այդ հեղափոխությունը հաղթելու է մի պատճառով, որովհետև այդ հեղափոխությունը հնարավոր չէ կանգնեցնել մի հոգու չեզոքացնելով, որովհետև այս հեղափոխության առաջնորդը հայ ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր զավակ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նաև իրենց հետագա գործողությունների ծրագիրը, բայց մինչ այդ մատնանշեց, որ իր տեղեկություններով՝ պետական հաստատություններում աշխատողները ստացել են ցուցում չգնալ այնքան ժամանակ աշխատանքի, մինչև չասեն:

«Մենք պետք է շարունակենք մեր գործողությունը մինչև հաղթական ավարտ»,- ասաց նա:

ԱԺ պատգամավորի խոսքով՝ շատերը մտածում էին, որ Սերժ Սարգսյանից նախ պետք է ազատեին Բաղրամյան 19-ը և Բաղրամյան 26-ը, հետո նոր Հայաստանը: «Բայց գործընթացն այլ ուղղությամբ գնաց: Մենք նախ պետք է ազատագրենք ամբողջ Հայաստանը, հետո նոր Բաղրամյան 26-ը և 19-ը: Եվ այդ ընթացքում Սերժ Սարգսյանն ու Հանրապետական կուսակցության անդամները պետք է վախվորած ապրեն այդ փշալարերի հետևում»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վաղն էլ իրենց գործողություները պետք է շարունակվեն նույն տրամաբանությամբ․ պետք է շրջափակվեն պետական մարմինների շենքերը, փակվեն ճանապարհները, մայրուղիները: «Ես չեմ ուզում ասել, թե ինչպես պետք է անել, որովհետև դուք ցույց տվեցիք, որ հերոս ժողովրդի համար փակ ճանապարհներ չկան, որ դուք եք տերը այս երկրի»,- ասաց նա:

Վաղն առավոտյան՝ ժամը 10-ին, Նիկոլ Փաշինյանի խոսքով, ինքը ժողովրդին սպասելու է Ֆրանսիայի հրապարակում, որտեղից էլ նորից կսկսվեն գործողություններ, և իրենց գործողությունները կեզրափակվեն Հանրապետության հրապարակում:

Նիկոլ Փաշինյանն ամբիոնից դիմեց նաև Սերժ Թանկյանին, Արսինե Խանջյանին․ «Սե՛րժ, այդ նույն ժողովուրդը կանգնած է այս հրապարակում, դու պարտավոր ես գալ այս հրապարակ և կանգնել այս ժողովրդի կողքին: Արսինե Խանջյա՛ն, նամակ գրելու կարիք չկա, որովհետև բաժանորդն անհասանելի է, վե՛ր կաց, արի՛ Երևան: Ես դիմում եմ Շառլ Ազնավուրին, ով նույնպես այն սակավաթիվ մարդկանցից է, ով այսպիսին է դարձրել Երևանի Հանրապետության հրապարակը»,- ասաց նա՝ հավելելով, որ նրա ներկայությունը պարտավոր է իր՝ ժամանակին նշած Հայաստանում եղած «մաֆիային» վերջ տալու համար։

Նա նաև դիմեց Սփյուռքին ընդհանրապես, կոչ արեց վեր կենալ ու գալ Հայաստան: «Ես ուզում եմ Սփյուռքի երևելիներին ասել, որ ձեր երազած ժամանակը եկել է՝ մաֆիոզների վերջը եկել է: Եկե՛ք Հայաստան, եկե՛ք Ձեր հայրենիքը՝ Ձեր հայրենիքում անկախություն, ժողովրդավարություն ստեղծելու համար»,- ասաց նա:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել