Armtimes.com-ը գրում է.

Քիչ առաջ «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հարցերին են պատասխանել ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Արամ Սարգսյանը եւ Էդմոն Մարուքյանը: Մասնավորապես՝ մեր թղթակիցը հետաքրքրվել է, թե իրենց հրապարակում ներկա գտնվելն արդյո՞ք նշանակում է, որ միացել են Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետը կանխելու նպատակով ծավալվող փողոցային պայքարին: Ի պատասխան ԵԼՔ-ի պատգամավորները նշել են, որ իրենք այստեղ են գտնվում, որովհետեւ քաղաքացիների նկատմամբ բռնություն է կիրառվել:

Հարցին, եթե կրկին ոստիկանները բռնություն կիրառեն՝ նրանք ի՞նչ են անելու, Արամ Սարգսյանը եւ Էդմոն Մարուքյանը հայտարարել են՝ հարցազրույց կտան ապրիլի 19-ից հետո՝ չհիմնավորելով, թե ինչո՞ւ հենց 19-ից հետո:

Արդեն տեղեկացրել ենք, որ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Գեւորգ Գորգիսյանը, Արամ Սարգսյանը, Սասուն Միքայելյանը, Լենա Նազարյանը եւ Արարատ Միրզոյանը մտել են Բաղրամյան պողոտայում գտնվող «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակ եւ դռնփակ քննարկում են իրականացնում:

Մեր թղթակիցը հայտնում է, որ կարճ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել: Րոպեներ անց Լուսավոր Հայաստան կուսակցության Բաղրամյան պողոտայի վրա գտնվող գրասենյակից դուրս է եկել նաեւ Սասուն Միքայելյանը: Վերջինս նույնպես չի պատասխանել լրագրողների հարցերին: Իսկ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ դեռ ոչինչ չեն հասցրել քննարկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել