Մի պահ մոռանանք, որ կամիկաձե անվանում էին Երկրորդ աշխարհամարտի ժամանակ թշնամու նավերը խորտակող մահապարտ օդաչուներին: Կամիկաձե անվանումն առաջացել է Երկրորդ աշխարհամարտից շատ ավելի վաղ՝ 13-րդ դարում Ճապոնիայում:

Այն ժամանակ Արևելքի գլխավոր ուժը հզոր Մոնղոլական կայսրությունն էր: Մոնղոլ խաների դեմ ոչ մի պետություն չէր կարողանում պայքարել:

1274 թ. Չինգիզխանի թոռը՝ Հուբիլայը, հավաքելով տրանսպորտային մեծ զորք, ներխուժում պլանավորեց դեպի Ճապոնիա: Հետախուզական ստորաբաժանումները, որոնք ավելի վաղ էին Ճապոնիա ուղարկվել, հեշտությամբ կոտորում էին թշնամիներին, այդ պատճառով էլ մոնղոլական օպերացիայի հաջողությանը գրեթե ոչ ոք չէր կասկածում: Զորքն արդեն մոտենում էր Ճապոնիային, երբ երկնքում հանկարծակի ամպեր կուտակվեցին, սարսափելի թայֆուն սկսվեց՝ կործանելով ներխուժող նավերը:

Սակայն Հուբիլայն այն մարդկանցից չէր, որոնք հանձնվում էին, այդ իսկ պատճառով 7 տարի անց՝ 1281-ին, նոր ներխուժում ծրագրվեց: Կազմված զորքն, առանց չափազանցության, պատմության խոշորագույն զորքերից մեկն էր:

Նավերի առաջին խմբի ներխուժումը ճապոնացիները կարողացան կասեցնել, սակայն հիմնական զորքը, որը հրեշավոր ուժի էր տիրապետում, շարունակում էր մոտենալ կղզիներից: Եվ հանկարծ, ինչպես և առաջին անգամ, ամպեր կուտակվեցին, և փոթորիկ սկսվեց: Մոնղոլները հրաշալի ռազմիկներ էին, սակայն վատ նավաստիներ, այդ պատճառով էլ նավերի մեծ մասը խորտակվեց, իսկ մնացածները մայրցամաք նետվեցին: Ներխուժումը կրկին ձախողվեց:

Հաստատակամ Հուբիլայը պատրաստվում էր երրորդ ներխուժումը կազմակերպել, սակայն կայսրության տարբեր մասերում գտնվող նվաճված ժողովուրդների ապստամբությունները խաթարեցին նրա ծրագրերը:

Ճապոնացիները կարծես հասկացան, որ ինչ-որ աստվածային ուժ օգնում է իրենց հաղթահարել հակառակորդի հարվածները: Այդ ուժը նրանք անվանեցին «աստվածային քամի» (կամիկաձե):

Արդեն Երկրորդ աշխարհամարտի ժամանակ հակառակորդի նավերը խորտակող օդաչուներին սկսեցին կամիկաձե անվանել, որն այնուհետև հայտնի դարձավ ողջ աշխարհում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել