operativ.am- ը գրում է

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հերթական անգամ հորդորել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին և նրա կողմնակիցներին զերծ մնալ իրավախախտումներ պարունակող գործողություններից՝ չվտանգելով քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները:

Ոստիկանության հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, 2018թ. ապրիլի 15-ին ելույթ ունենալով Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում, ՀՀ քաղաքացիներին կոչ է արել ապրիլի 16-ին, առավոտյան, իրականացնել գործողություններ, որոնց զգալի մասը «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի ակնհայտ խախտում են և իրենց դրսևորման պարագայում առերևույթ իրավախախտման հատկանիշներ են պարունակելու՝ առաջացնելով օրենքով սահմանված պատասխանատվություն:

Այդ գործողությունների որոշ մասը, բացի այն, որ էական վնաս են հասցնելու մայրաքաղաքի բնակիչների ազատ տեղաշարժի, դրանից բխող այլ իրավունքներին, կազմակերպությունների բնականոն գործունեությանը, առանձին դեպքերում իրական սպառնալիք են պարունակում քաղաքացիների կյանքի և առողջության համար:

Կոչ ենք անում հավաքի կազմակերպիչներին և որոշ մասնակիցներին զերծ մնալ իրավախախտումներ պարունակող գործողություններից՝ չվտանգելով քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, կազմակերպությունների օրինական շահերը»:

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 16-ի առավոտյան Փաշինյանն ու իր կողմնակիցները փակել են Բաղրամյան պողոտան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել