ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հավաքի մասնակիցներին երթով ուղղորդել է դեպի «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի շենք, որը պետական պահպանության ենթակա ռազմավարական օբյեկտ է և գտնվում է ՀՀ ոստիկանության պահպանության ներքո:

Նշված շենք ներխուժումը կատարվել է օբյեկտում պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողի դիմադրությունը հաղթահարելով: Հավաքի մասնակիցները մուտք են գործել ընկերության սենյակներից մեկը փակ վիճակում գտնվող դուռը կոտրելու եղանակով: Ոստիկանության ծառայողը պահանջել է Նիկոլ Փաշինյանից հավաքի մասնակիցներին դուրս բերել շենքից, սակայն հավաքի կազմակերպիչը ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չի փոխանցել հավաքի մասնակիցներին և չի ապահովել հավաքի բնականոն ընթացքը ապահովելու՝ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված իր պարտականության կատարումը: Նիկոլ Փաշինյանը, պահելով շենքը, պահանջ է ներկայացրել տրամադրելու ուղիղ եթեր: Գործողությունն առերևույթ պարունակում է իրավախախտման հատկանիշներ և համապատասխան հիմքերի առկայության դեպքում կարող է առաջացնել ընդհուպ քրեական պատասխանատվություն:

Շենքում պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողը, գտնվելով ծառայողական պարտականությունների կատարման մեջ, ունեցել է բոլոր հիմքերը ենթադրելու, որ պահպանվող օբյեկտի վրա կատարվում է խմբակային հարձակում:

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հավաքի կազմակերպչին և հավաքի մասնակիցներին անհապաղ ազատել «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի շենքը, ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագիծ դրսևորելուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել