Արևմուտքի երկրները Սիրիայի ուղղությամբ արձակել են 103 հրթիռ, այդ թվում՝ «Տոմահավկ» թևավոր հրթիռներ։ Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը։
«Առկա տեղեկության համաձայն՝ կիրառվել է 103 թևավոր հրթիռ, այդ թվում՝ «Տոմահավկ» հրթիռներ, ինչպես նաև В-1В ինքնաթիռներից GBU-38 կառավարվող ավիառումբեր։ F-15, F-16 ինքնաթիռները կիրառել են «օդ-երկիր» դասի հրթիռներ։ Բրիտանական ռազմաօդային ուժերի «Տորնադո» ինքնաթիռներից արձակվել է Scalp EG 8 հրթիռ»,- ասել է նա։

ՌԴ ՊՆ-ն հաղորդել է նաև, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հակաօդային պայքար է մղել, հրթիռների զգալի մասը ոչնչացվել է թիրախներին հասնելու ընթացքում։
Նշվում է, որ հարվածները հասցվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի 2 նավերից՝ Կարմիր ծովի կողմից, Միջերկրական ծովի օդային տարածքում գտնվող մարտավարական ավիացիայից, ինչպես նաև ամերիկյան ռազմավարական B-1B ռմբակոծիչներից՝ Էթ Թանֆ շրջանից։
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ապրիլի 14-ին՝ ռուսական ժամանակով ժամը 3.42-ից մինչև 5.10-ը, ԱՄՆ ԶՈՒ օդանավերն ու նավերը, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի հետ համատեղ հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի ռազմական ու քաղաքացիական օբյեկտներին։

Ռուդսկու խոսքով՝ հարվածի թիրախներից են եղել նաև Սիրիայի ռազմաօդային ուժերի ավիաբազաները․ «Օբյեկտիվ վերահսկողության տվյալները հետևյալն են ասում․ Դյուվալի օդակայանի ուղղությամբ իրականացված հարվածին մասնակցել է 4 հրթիռ, բոլորը խոցվել են, Դումեյր օդակայանի ուղղությամբ հարվածին մասնակցել է 12 հրթիռ, բոլորը խոցվել են, Բլեյ օդանավակայանի ուղղությամբ՝ 18 հրթիռ, բոլորը խոցվել են, Շարիաթ օդակայանի ուղղությամբ՝ 12 հրթիռ, բոլորը խոցվել են։ Օդակայանները չեն տուժել»,- ասել է Ռուդսկին։ 

Չօգտագործվող Մեզզե օդակայանի ուղղությամբ արձակված 9 հրթիռից խոցվել է 5-ը։ Հոմսի օդակայանի ուղղությամբ արձակված 16 հրթիռներից խոցվել է 13-ը, լուրջ ավերածություններ չեն նկատվում։ Նրա խոսքով՝ Դամասկոսում և մյուս բնակավայրերում իրավիճակը գնահատվում է կայուն։ Ռուդսկին հայտնել է նաև, որ Սիրիայի խաղաղ բնակիչների և բանակի շրջանում զոհեր չկան։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հայտարարել էր Սիրիայի դեմ իրականացվելիք հրթիռային հարվածի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել