Ինչպես և սպասվում էր, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ԶՈւ-երը համատեղ պատժիչ հարված հասցրին սիրիական վարչակարգին՝ սեփական բնակչության դեմ քիմիական զենք կիրառելու մեղադրանքի հիման վրա: 
Ինչպես և կանխատեսվում էր, ռազմագործողությունը թիրախային էր և ներառում էր Սիրիայի տարածքում քիմիական զենքի պատրաստման և պահպանման մի քանի օբյեկտներ: 
Ինչպես և կանխատեսվում էր, թիրախային հարվածը հնարավորինս շրջանցեց Սիրիայի տարածքում ներկայություն ունեցող այլ արտաքին ուժերի դիրքերը: Ինչպես և սպասվում էր, պատժիչ հարձակման պատասխանը ներկայացվեց որպես բացառապես սիրիական ԶՈւ-ի գործողություն:
Կարելի է կանխատեսել, որ առաջիկա ժամերին և օրերին ականատես կլինենք տեղեկատվական պատերազմի հսկայական ալիքի, որի բովանդակային բաղադրիչներն են լինելու մի կողմից՝ կոալիցիոն ուժերի վճռականության, նրանց գործողությունների նպատակաուղղվածության հիմնավորումը, մյուս կողմից՝ «սիրիական պատասխանի» արդյունավետության ներկայացումը և հասցված հարվածի հետևանքները նվազագույնի հասցնելու միտումները:
Այլ կերպ ասած՝ սրանով գործընթացի ռազամական փուլը կարծես կավարտվի, և հետագա զարգացումները կտեղափոխվեն քաղաքական հարթություն՝ հիմնական աշխարհաքաղաքական դերակատարների մասնակցությամբ, որտեղ, սակայն, լարվածությունը կշարունակվի, քանի որ այդ լարվածությունը պայմանավորված չէ միայն սիրիական հիմնախնդրով, իսկ վերջինը միայն բազուկներ ցուցադրելու հարթակ է:

Հ.Գ. Ստեղծված իրավիճակին հավելյալ բարդություն է հաղորդում այն իրողությունը, որ արտաքին գերատեսչությունների մակարդակով չկա լիարժեք շփում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև, քանի որ Նահանգների նոր պետքարտուղարը և նրա թիմը դեռևս լիովին չի ստանձնել պաշտոնը, իսկ առկա մյուս հարթություններում նախագահների մակարդակով շփում ընդհանրապես չկա, պաշտպանական գերատեսչությունների միջև կապը կրում է իրավիճակային բնույթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել