Ապրիլի 11-ին Ադրբեջանում նախագահական ընտրություններ էին: Բացի գործող նախագահից` մասնակցում էին 7 թեկնածուներ, որ որևէ շանս չունեին ստանալու 5,2 միլիոն ընտրողների ձայների մեծամասնությունը: Սահմանադրության փոփոխությունը Իլհամ Ալիևին հնարավորություն տվեց մինչև 2025-ը մնալու նախագահ: Ընտրությունները պետք է կայանային հոկտեմբերին, սակայն իշխանությունն անսպասելի տեղափոխեց ապրիլ: Պաշտոնական բացատրությունը` խուսափել 2018-ին ծրագրված այլ միջոցառումների հետ համընկնումից, մասնավորապես՝ Դեմոկրատական Ադրբեջանի ստեղծման 100-ամյակի տոնակատարության: Բաքվի որոշումը հարուցեց նաև ԵԱՀԿ-ի քննադատությունը, որ դիտարկում է ընտրություններն Ադրբեջանում 1995-ից: Որոշ փորձագետներ ընտրության ժամկետի տեղաշարժը բացատրում են տնտեսական վիճակով:

Նավթի գնանկումը 2014-ին հանգեցրեց ինֆլյացիայի, բյուջեի մուտքերի կրճատման և ազգային տարադրամի թուլացման: 2018-ի տարեսկզբին վիճակը բարելավվեց, տարադրամն ամրապնդվեց: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ կես տարի հետո նավթի գինը նորից չի ընկնի: Այդ պատճառով բացառված չէ, որ ընտրությունների օրը փոխեց տնտեսական գործոնը: Կարող էր և քաղաքական պատճառ լինել: Նախկին քաղբանտարկյալ Լելյա Յունուսը, ով քաղաքական հետապնդման պատճառով ներկայումս բնակվում է Հոլանդիայում, գտնում է, որ Ալիևն ընտրությունների օրը փոխեց իշխող վերնախավի ներկլանային պայքարի պատճառով:

Պայքարը սկսվեց Ալիևի կնոջը փոխնախագահ նշանակելուց, որը պոստսովետական տարածքում դա աննախադեպ երևույթ էր: Նախագահի վարչակազմը չի փոխվել 1994-ից, նույնիսկ երբ 2003-ին Իլհամ Ալիևը նախագահի պաշտոնում հաջորդեց հորը` Հեյդարին: Հին թիմը չի պատրաստվում հեռանալ: Նրանց պատճառով երկիրը հայտնվել է պարադոքսալ իրավիճակում․ գոյություն ունեն երկու զուգահեռ աշխատակազմեր: Հինը երեք տասնամյակ չի հեռանում նախագահական նստավայրից, որտեղ նախկինում Կոմկուսի կենտկոմն էր: Նորը հիմնավորվել է Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի շենքում, որը 2004-ից ղեկավարում է առաջին տիկին Մեհրիբան Ալիևան:

Ոչ կառավարական կազմակերպությունների նոր օրենքների հետևանքով վատացել է քաղհասարակության վիճակը: ՀԿ-ները պարտավոր են իշխանություններին տեղեկացնել իրենց ֆինանսավորման աղբյուրների մասին, իսկ արտասահմանյան հիմնադրամները պետք է թույլտվություն ստանան տեղական կազմակերպություններին ֆինանսավորելու համար: Իր իշխանության 15 տարիներին Իլհամը բեկանեց նախագահական երկու ժամկետի սահմանափակումը, իմունիտետ տվեց նախագահին, վարչապետին ու պատգամավորներին: Նրանցից ոչ ոք չի կարող քրեական հետապնդման ենթարկվել, իսկ լրագրողներին արգելված է հետաքննությունը նրանց վերաբերյալ: 2016-ին նախագահական ժամկետը 5-ից դարձավ 7 տարի, և Ալիևը կարող է նախագահել մինչև 2025-ը:

Ինչևէ, նախագահի յոթ թեկնածուներն առաջադրվել էին ձևականորեն, իրական ընդդիմությունը բոյկոտել էր ընտրությունները և հրաժարվել է ընտրություններին մասնակցելուց: Իլգար Մամեդովն այն քիչ ընդդիմադիրներից է, որ կարող էր այլընտրանք լինել իշխանությանը. 2013-ից նա բանտարկված է: ՄԻԵԴ-ը նրա ձերբակալությունը ճանաչել է անօրինական:

Բացի քաղաքական գործիչներից` 12 լրագրող, որ արդեն 10 տարի ազատազրկված են: «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության վարկանիշով Ադրբեջանը խոսքի ազատության մակարդակով 162-րդն է: 2015-ին Ադրբեջանի իշխանությունը դատի տվեց ֆրանսիական France 2 հեռուստաալիքին, որի լրագրողները Ալիևին անվանել էին բռնապետ: Այդ աննախադեպ գործում Ֆրանսիայի դատարանն արդարացրեց լրագրողներին: Դատական գործընթացն համընկավ եվրոպական տասնյակ հրատարակությունների նախապատրաստած «Ադրբեջանական լանդրոմատ» հետաքննության հրապարակման հետ, որը պատմում է Բաքվի «խավիարային դիվանագիտության մասին», այդ անունն է ստացել ադրբեջանական իշխանությունների լոբբիստական մարտավարությունը, որ առաջարկում է թանկարժեք ընծաներ, այցեր ու մեծ գումարներ եվրոպացի քաղաքական գործիչներին` ԵՄ-ում Բաքվի շահերն առաջ մղելու դիմաց: Լրագրողների հետաքննության համաձայն` Ադրբեջանից գումարներ ստացած քաղաքական հայտնի գործիչներից է գերմանացի նախկին պատգամավոր ու ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նախկին նախագահ Էդուարդ Լինտները: 2012-2014-ին նրա հաշվեհամարին է փոխանցվել 891,000 եվրո: Հենց Լինտներն էր գլխավորում Գերմանիայի դիտորդական առաքելությունը 2013-ի նախագահական ընտրություններում, որ, նրա խոսքով, «անցել են բարձր մակարդակով ու եվրոպական չափանիշներին համապատասխան»:

Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահն ասել է, որ քվեաթերթիկների 67 տոկոսի մշակման արդյունքում Ալիևի օգտին քվեարկել է ընտրողների 86.09 տոկոսը: Ընտրություններում մասնակցության հայտը, ԿԸՀ-ի տվյալներով, 74.51 տոկոս է: Փաստորեն` Ալիևին Ադրբեջանում 11 տոկոսով ավելի են սիրում, քան Պուտինին Ռուսաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել