ԱՄՆ Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը հայտնել է լրագրողներին, որ Սիրիային ուղղված ռազմական հարվածների վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել:
«Նախագահն իր տրամադրության տակ մի քանի տարբերակ ունի, և մի շարք տարբերակներ մնում են քննարկման սեղանին»,- ասել է Սանդերսը չորեքշաբթի երեկոյան տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դեռ գնահատում է քիմիական հարձակման մասին տվյալները, բայց հավելել է, որ ռազմական ուժերը պատրաստ են ռազմական տարբերակների, եթե նախագահ Դոնալդ Թրամփը որոշի, որ դրանք անհրաժեշտ են:
Սպիտակ տունն իր հերթին նշել է, որ նախագահը դեռ չունի կոնկրետ ժամանակացույց, թե երբ կարող են իրականացվել ռազմական հարվածները: Այնուամենայնիվ, ամերիկյան նավատորմի «Դոնալդ Քուկ» էսկադրոնային ականակիր նավը Միջերկրական ծովում է:
Երեկ ԱՄՆ ղեկավարն իր թվիթերյան էջում հայտարարել էր Սիրիայի դեմ իրականացվելիք հրթիռային հարվածի մասին: Այս կերպ Թրամփն արձագանքել էր Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զասիպկինի հայտարարությանն առ այն, որ Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից հրթիռների արձակման դեպքում դրանք, ինչպես նաև դրանց արձակման վայրերը կկործանվեն:

«Ռուսաստանը խոստանում է խոցել Սիրիայի դեմ ուղղված բոլոր հրթիռները: Պատրաստվի՛ր, Ռուսաստա՛ն, քանի որ դրանք՝ լավ, նոր և «խելացի» հրթիռները, գալու են: Դուք չպետք է գործընկերներ լինեիք սեփական ժողովրդին գազով սպանող ու դրանից հաճույք ստացող կենդանու (նկատի ունի Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին) հետ»,- գրել է Թրամփը:
Դրան հաջորդել է մեկ այլ գրառում։

«Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ երբևէ եղածից, այդ թվում՝ նաև Սառը պատերազմից ի վեր ամենավատ վիճակում են: Բայց դրա համար պատճառ չկա: Ռուսաստանը մեր օգնության կարիքն ունի` հատկապես տնտեսության հարցում: Դա շատ հեշտ կարվի, եթե բոլոր ազգերը համագործակցեն: Վերջ տա՞նք սպառազինության մրցավազքին»,- գրել է Թրամփը:
Ի դեպ՝ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի հավակնորդ Մայք Պոմպեոն, որի թեկնածության շուրջ այսօր լսումներ են անցկացվելու Կոնգրեսում, պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ և ասել, որ «իր գալուստը կազդարարի Վաշինգտոնի՝ Ռուսաստանի նկատմամբ մեղմ քաղաքականության ժամանակաշրջանի ավարտը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել