Ամեն անգամ, երբ ջախջախվում է հերթական թերմտածված շարժումը, մտածում եմ՝
- վե՛րջ, ժողովուրդն արդեն կիմաստնանա, կսկսի ինքն իրեն հարցեր տալ, թե ո՞րն էր նախկին շարժումների թերությունը, ի՞նչն էր սխալ հաշվարկել, ո՞րն է իրականության այսպիսին լինելու իրական պատճառը, ու կսկսի խորհել իրավիճակից իրական ելքի շուրջ։

Ամեն անգամ, երբ ջախջախվում է հերթական թերմտածված շարժումը, մտածում եմ՝
- վե՛րջ, ընդդիմադիր քաղաքական գործիչները վերջապես կհասկանան, որ հայ-հույով, պայքարի կոչեր հնչեցնելով ոչ միայն չեն փոխում իրականությունը դեպի լավը, այլ ընդհակառակը՝ իրականությունը դառնում է ավելի վատը, հերթական պարտությունն է՛լ ավելի խորն է վհատեցնում ժողովրդին։ Մտածում եմ՝ կհասկանան ու կխորհեն իրավիճակից իրական ելքի շուրջ։

Ամեն անգամ, երբ ջախջախվում է հերթական թերմտածված շարժումը, մտածում եմ՝
- վերջապես եկավ ԽՈՐՀԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ։

Բայց այն տպավորությունն է, որ կարծես թե կա մի կենտրոն, որը թույլ չի տալիս, որ գա այդ փրկարար ԽՈՐՀԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ։ Այսպես՝ երբ թվում է, որ հերթական պարտությունից հետո ահա-ահա եկավ իմաստնացման ժամանակը, և քաղաքական անիմաստ աղմուկից զերծ վիճակում մարդիկ կխորհեն իրական ելքի մասին, ապա կա՛մ դրսից են գործուղվում պայքարի առաջնորդացուներ, կա՛մ էլ ներսից մեկն է նորեն ծածանում պարտված պայքարների հին ու մաշված դրոշը ․․․ և կրկին ու կրկին հետաձգվում է ԽՈՐՀԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ։
Ու շարունակվում է կործանարար շրջապտույտը․․․

Մինչդեռ ԵԼՔ ԿԱ, ու այն տեսնելու համար նախևառաջ հարկավոր է կամք ունենալ՝ դուրս գալ այս շրջապտույտից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել